Մատչելիության հղումներ

Համայնքի դատախազը սպառնացել է փաստաբանին


Հայաստանի փաստաբանների պալատի խորհուրդը երկուշաբթի օրը դիմել է երկրի գլխավոր դատախազություն` պահանջելով կարգապահական պատասխանատվության ենթարկել Երեւանի Ավան եւ Նոր Նորք համայնքների դատախազ Գեւորգ Թովմասյանին: Գլխավոր դատախազությունը, մինչդեռ, պաշտպանել է դատախազի գործողությունները:

Պալատին դիմել էր փաստաբան Լիանա Բալյանը` պնդելով, որ Գեւորգ Թովմասյանը, երկու այլ անձանց ուղեկցությամբ, շաբաթ օրը մտել էր իր բնակարանը եւ սպառնացել իրեն:

Բալյանը պաշտպանում է 2004 թվականին անչափահասի բռնաբարության մեջ մեղադրվող Նորայր Ռուբենյանի շահերը, որը իրեն մեղավոր չի ճանաչում եւ որին առաջին ատյանի դատարանը 2006 թվականին գրավով ազատ էր արձակել:

Բալյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ շաբաթ օրը Թովմասյանը նախ զանգահարել է իրեն եւ «հրամայական տոնով կարգադրել է ներկայանալ դատախազություն»:

«Ես առաջարկեցի վարվել օրենքով` գրավոր ծանուցել: Ասացի, որ գրավոր ծանուցումից հետո ես երկուշաբթի օրը կներկայանամ դատախազություն», - շարունակեց Բալյանը: - «Դատախազը սկսեց անպատվել, եւս այլեւս չլսեցի նրան եւ անջատեցի հեռախոսը: Տասը րոպե դեռ չանցած դուռը թակեցին, մեր տուն մտան դատախազ Թովմասյանը, ավագ օգնական Աբգարյանը եւ եւս մեկ անձանոթ անձնավորություն: Նրանք փաստորեն առանց դատարանի որոշման, առանց օրինական հիմքերի, ներխուժեցին իմ բնակարան»:

Թովմասյանը Բալյանի ծնողների եւ 12-ամյա դստեր ներկայությամբ սպառնացել փաստաբանին` թե «կալանավորելու եմ, ուղարկելու եմ բանտ»:

Բալյանի խոսքերով, դատախազությունը հակված էր կալանավորել իր պաշտպանյան Ռուբենյանին (վերջինս նախորդ գիշերը իսկապես կալանավորվել էր` առաջադրված լրացուցիչ մեղադրանքի հիման վրա):

Հայաստանի փաստաբանների պալատի խորհուրդը, Բալյանի դիմումի հիման վրա, արտահերթ նիստում որոշել էր դիմել Հայաստանի դատախազություն` Ավան եւ Նոր Նորք համայնքների դատախազ Գեւորգ Թովմասյանին պատասխանատվության ենթարկելու միջնորդությամբ:

«Դատախազը ինչո՞ւ է գնացել փաստաբանի տուն: Շաբաթ օրը ի՞նչ գործ ուներ դատախազը փաստաբանի տանը», - «Ազատություն» ռադիոկայանին վրդովված ասաց փաստաբանների պալատի նախագահ Ռոբեն Սահակյանը:

Գլխավոր դատախազության մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը այս կապակցությամբ «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ մեղադրյալը, որին լրացուցիչ մեղադրանք է առաջադրվել, իր փաստաբանի հետ միասին խուսափել է մասնակցել քննչական գործողություններին` լքելով դատախազության շենքը:

Մեղադրյալը նաեւ փորձել էր այլ համայնքի անձնագրային բաժնից ստանալ նոր անձնագիր ու փախուստի դիմել` ասելով, թե կորցրել է հին անձնագիրը. - «Մինչդեռ նրա անձնագիրը գտնվում է քրեական գործում»:

Ի պատասխան հարցին, թե արդյո՞ք դատախազը հիմքեր ուներ փաստաբանի տուն գնալու, Տռուզյանը պարզաբանեց, թե դատախազությունը անհրաժեշտ քայլեր է ձեռնարկել` կանխելու մեղադրյալի փախուստը:

«Համայնքի դատախազը գործել էր իր լիազորությունների շրջանակներում», - ասաց Սոնա Տռուզյանը:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG