Մատչելիության հղումներ

Վահագն Չախալյանը ազատ է արձակվել


Հայաստանի քրեական եւ ռազմական գործերով վերաքննիչ դատարանի վճռով այսօր ազատ արձակվեց «Միասնական Ջավախք» Ժողովրդավարական դաշինքի նախագահության անդամ եւ Ջավախքի Երիտասարդական մարզամշակութային միության նախագահ Վահագն Չախալյանը: Նա կալանվել էր հոկտեմբերի 11-ին` պետական սահմանը ապօրինի հատելու մեղադրանքով եւ պահվում էր Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության մեկուսարանում:

Չախալյանը իրեն սպասող բազմաթիվ հարազատներին, ընկերներին ու համախոհներին ասաց, թե իրեն լավ է զգում: Հավելեց, որ ամենեւին չէր սպասում, որ ազատ կարձակվի մեկուսարանում 20 օր անցկացնելուց հետո, ու հայտարարեց, որ պատրաստվում է առաջիկա օրերին հանդես գալ ասուլիսով:

Չախալյանը կալանվել էր հոկտեմբերի 11-ին` Ջավախքից Հայաստանի տարածք ոչ համապատասխան փաստաթղթերով մուտք գործելու մեղադրանքով:

Այսօր Հայաստանի քրեական եւ ռազմական գործերով վերաքննիչ դատարանում պետք է քննվեր Վահագն Չախալյանի փաստաբանի բողոքը՝ երկու ամսով նախաքննական կալանք սահմանելու մասին` առաջին ատյանի որոշման վերաբերյալ:

Չախալյանի փաստաբան Տիգրան Հայրապետյանը «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց. - «Վերաքննիչ դատարանը չքննեց բողոքը, որովհետեւ ես բողոքը հետ վերցրեցի: Որովհետեւ քննիչը հայտարարեց, որ կալանքը որպես խափանման միջոց չի կիրառել, քննիչը խափանման միջոցը փոխել է եւ խափանման միջոցը` ստորագրություն չհեռանալու մասին»:

Փաստաբանի խոսքերով, դատարանի որոշման վրա ազդել էր նաեւ Ազգային Ժողովի 16 պատգամավորների միջնորդությունը:

Տիգրան Հայրապետյանը նշեց, թե Վահագն Չախալյանի ազատ արձակումը դեռ ամբողջական հաղթանակ չէ. - «Մեղադրանքը դեռ մնում է, եւ մենք պետք է պայքարենք, որպեսզի մեղադրանքը նույնպես դուրս գա»:

Իսկ հարցին, թե երբ կարող է կայանալ Չախալյանի գործով դատական նիստը, փաստաբանը պատասխանեց. - «Դա կախված է քննիչից: Ես կասկածում եմ, թե գործը դատարան կմտնի, որովհետեւ իրականում հանցագործության հատկանիշներ դժվար է տեսնել: Իհարկե, դա քննիչի գործն է: Ամենայն հավանականությամբ, գործը դատարան չի մտնի եւ կկարծվի»:


Ռուբեն Մելոյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG