Մատչելիության հղումներ

Նշանադրություն՝ հայկական տարազով, մեղրամիս՝ քարանձավում


«Առեղծվածային ինչ-որ բան կար, 5 ամիս անց աչքս նկատեց, ինչ-որ բան զգաց ու շարունակությունը եղավ սարերում», - խոստովանում է Հարութը:

Հարութին ու Սուսանին միացրեցին ոչ միայն Հայաստանի լեռները, բնությունը, արեւն ու պարը, այլեւ՝ իսկապես հայ լինելու գաղափարը:

«Մենք հայրենիքի եւ «հայ» երեւույթի նկատմամբ առանձնահատուկ վերաբերմունք ունենք: Մեզ համար «յան»-ով վերջացող ազգանուն ունենալը դեռ հայ կոչվել չէ», - ասում են նրանք:

Սիրահար զույգը որոշեց տարբերվել ամուսնանալ պատրաստվող ժամանակակից երիտասարդներից ու նշանադրվել հայկական տարազով: Թեեւ որոշումը դրական չընդունվեց ընտանիքներում, ոչ էլ ընկերական շրջապատում, այնուամենայնիվ նրանք իրագործեցին այն:

Փեսացուի համար ընդունված կոստյումի եւ հարսնացուի համար նախատեսված երեկոյան զգեստի փոխարեն նրանք նշանադրության օրը՝ հոկտեմբերի 5-ին հագան Կարնո տարազ:

«Ես արմատներով՝ Կարինից եմ ու այդ տարազը կրելիս ինձ իսկապես թագուհի էի զգում», - պատմում է Սուսանը:

Նշանադրության արարողությանը տարազը թելադրեց կավե բաժակներ՝ հախճապակե գավաթների փոխարեն, հայկական քոչարի ու յարխուշտա՝ ռաբիսի ու պորտապարի փոխարեն:

Հայկական ավանդույթներով արված նշանադրությունը անցյալի էջերին գրվեց: Առջեւում ամուսնական արարողությունն է:

Սուսանը անպայման ցանկանում է կրել հարսանեկան ճերմակ զգեստ, թաքուն երազում է պսակադրվել Արեւմտյան Հայաստանի հողի վրա՝ Վանա լճի ափին կամ կիսավեր հայկական մի մատուռում:

Հայաստանի գրեթե բոլոր քարերը «հաշված», բոլոր բարձունքները հաղթահարած արշավորդ Հարութն էլ իր ապագա կնոջ համար Խոսրովի անտառում մի գողտրիկ վայր է փայփայում: Ի տարբերություն շատերի՝ այս սիրահար զույգը պատրաստվում է իր մեղրամիսն անցկացնել ոչ թե Անթալիայում, այլ՝ Խոսրովի անտառի քարանձավներից մեկում:


Հասմիկ Սմբատյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG