Մատչելիության հղումներ

Իլհամ Ալիեւ. «Ադրբեջանը չի աջակցի Իրանի դեմ հնարավոր պատժամիջոցներին»


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ Բաքուն չի աջակցի Իրանի դեմ հնարավոր միջազգային պատժամիջոցներին:

«Մենք գտնում ենք, որ նման պատժամիջոցներն արդյունավետ չեն լինի», - ասել է Ալիեւը Ռուսաստանում հավատարմագրված արտասահմանյան լրատվամիջոցների ներկայացուցիչներին տված հարցազրույցում՝ պարզաբանելով. - «Դրանք չեն հանգեցնի խնդրի լուծմանը, այլ միայն ավելի մեծ լարվածություն կմտցնեն տարածաշրջանի իրադրության մեջ»:

ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ, Ադրբեջանի նախագահն ընդգծել է, որ իր երկիրը լավ հարաբերություններ ունի Իրանի հետ՝ «երկու երկրների սահմանը ձգվում է ավելի քան հազար կիլոմետր, նրանց միջեւ աշխույժ առեւտրական կապեր են հաստատվել»:

«Ուստի մենք շատ անհանգստացած ենք նրանով, որ ցանկացած քայլ, որը ունակ է սրելու իրավիճակը, կարող է մեծ ազդեցություն ունենալ ամբողջությամբ վերցրած տարածաշրջանային զարգացման վրա», - ասել է Ալիեւը:

Ադրբեջանի նախագահը համոզված է, որ «անհանգստություն հարուցող բոլոր հարցերը՝ կապված Իրանի միջուկային ծրագրի հետ, պետք է լուծվեն բանակցությունների ճանապարհով». - «Հուսով եմ, դա տարածաշրջանում փխրուն կայունության պահպանման եւ հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը հասնելու միակ ճանապարհն է»:

Ռուսաստանի հետ իր երկրի հարաբերությունների առնչությամբ Ալիեւը հայտարարել է, թե երկու պետությունները հաղթահարել են բոլոր խնդիրները, եւ «այժմ չկա մեր հարաբերությունները մթագնող գեթ մեկ խնդիր»:

Ադրբեջանի նախագահը, նշելով, որ Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման բանակցություններում միջնորդ հանդիսացող ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներից մեկն է, դրական է համարել ռուս պաշտոնյաների հետ աշխատանքի փորձը եւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ կապված նրանց քաղաքականությունը:

Նա հայտարարել է, որ չի կարծում, թե Հայաստանի հետ լավ հարաբերությունները Ռուսաստանին խանգարում են նույնքան լավ հարաբերություններ ունենալ Ադրբեջանի հետ:

Ալիեւն ասել է նաեւ, որ ռուս-վրացական լարվածությունը «չի ազդել եւ չի ազդելու» Մոսկվայի եւ Թբիլիսիի հետ Բաքվի հարաբերությունների վրա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG