Մատչելիության հղումներ

Սուդանցի միլիոնատերը Աֆրիկայի լավագույն նախագահի համար 5 միլիոն դոլար ամենամյա պարգեւ է սահմանել


Սուդանցի միլիոնատեր Մո Իբրահիմը Աֆրիկայի լավագույն նախագահի համար 5 միլիոն դոլար ամենամյա պարգեւ է սահմանել: ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ, նման պատկառելի գումար է սպասում նրան, ով չի տրվի իշխանության գայթակղությանը՝ չի փորձի «կառչել» պետության ղեկավարի աթոռից եւ անկաշառություն կցուցաբերի:

Իբրահիմը, որը, ինչպես պատմում են, իր միլիոնները կուտակել է «զրոյից», հայտարարել է նաեւ, որ բացի 5 միլիոն դոլար միանգամյա վճարից, դափնեկիրը թոշակի գնալուց հետո ստանալու է տարեկան 200 հազար դոլար նպաստ:

«Աֆրիկայի զարգացման համար ոչինչ այնքան նշանակություն չունի, որքան գրագետ եւ բարեխիղճ կառավարումը», - ասել է միլիոնատերը:

Նա հույս ունի, որ իր պարգեւը կոգեշնչի Աֆրիկայի առաջնորդներին՝ հայրենակիցների համար ապահովելու անվտանգություն, բժշկական ծառայություններ, կրթություն եւ արժանապատիվ կյանք:

«Ռոյթերզ» գործակալության հաղորդագրության համաձայն, միլիոնատերը հայտարարել է, որ իշխանությունը կորցնելու վտանգը աֆրիկացի առաջնորդներին դրդում է կառչել իրենց աթոռից: Այսպես, Ուգանդայի, Գվինեայի, Գաբոնի, Բուրկինա-Ֆասոյի, Կոնգոյի Հանրապետության եւ Չադի ղեկավարները փոփոխություններ են կատարել իրենց երկրների սահմանադրություններում, որոնցով ընդլայնել են իրենց իշխանությունը, իսկ Նիգերիայում անցյալ տարի նմանօրինակ փորձը կանխվել է:

Սուդանցի միլիոնատիրոջ նախաձեռնությունը պաշտպանել են ժողովրդավարական ՀԱՀ-ի առաջին նախագահ Նելսոն Մանդելան, ԱՄՆ-ի նախկին նախագահ Բիլ Քլինթոնը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Թոնի Բլերը եւ Համաշխարհային բանկի նախագահ Փոլ Վուլֆովիցը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG