Մատչելիության հղումներ

«Ջեյնս» հետազոտական կենտրոն. «Ռուսաստանում այլազգիների նկատմամբ թշնամական տրամադրություններն աճում են»


Վերջերս Կոնդոպոգայում տեղի ունեցած զանգվածային անկարգությունները եւ իշխանությունների թույլ արձագանքը, ըստ «Ջեյնս Ինթելիջենս» հետազոտական կենտրոնի մասնագետների նոր զեկույցի, վկայում են Ռուսաստանում այլազգիների նկատմամբ թշնամական տրամադրությունների աճի մասին:

«Թերեւս չափազանցություն կլինի պնդել, որ ռասիստական բռնությունները Ռուսաստանում դարձել են անվերահսկելի, սակայն կասկած չկա, որ դա հետզհետե դառնում է լուրջ հիմնախնդիր», - գրել են «Ջեյնս»-ի մասնագետները զեկույցում, որի ամբողջական տարբերակը կհրապարակվի նոյեմբերի 1-ին:

Նրանց փոխանցմամբ, ազգամիջյան լարվածությունն ունի պատմական շարժառիթներ, սակայն տվյալ պարագայում ավելի էական են մերօրյա գործոնները՝ էթնիկ ռուսների ժողովրդագրական ճգնաժամը, հարուստների եւ աղքատների միջեւ օրըստօրե աճող անջրպետը, տնտեսության ազատականացման ցավագին հետեւանքները:

«Ջեյնս» հետազոտական կենտրոնի մասնագետներն ասում են, որ այլազգիների հանդեպ թշնամանքն ուղղված չէ միայն կովկասցիների դեմ: Ռուսաստանի Հեռավոր Արեւելքում լարվածություն կա ռուսների եւ այդ երկրամասում բնակություն հաստատող չինացիների միջեւ: Այդ տարածաշրջանում բնակվում է 6 միլիոն 600 հազար մարդ, բնակիչներից գրեթե 1 միլիոնը Չինաստանից են ժամանել:

Կոնդոպոգայի դեպքերից հետո Ռուսաստանում անցկացված սոցիոլոգիական հետազոտությունների արդյունքների համաձայն, հարցվածների մեկ երրորդը բախումների պատճառ է համարում «լարվածությունը տեղացիների եւ նորեկների միջեւ»: Հարցվածների կեսը ենթադրում է, որ նման միջադեպեր կարող են պատահել ցանկացած այլ շրջանում:

«Ծայրահեղականները դեռ ուղղակի սպառնալիք չեն Ռուսաստանի պետական անվտանգության համար, սակայն Կոնդոպոգա ավանում, ինչպես նաեւ Մոսկվայի Չերկիզովի շուկայում տեղի ունեցած ընդհարումների կրկնության վտանգը բավական էական է», - ասվում է «Ջեյնս» հետազոտական կենտրոնի զեկույցում:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG