Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


Այսօրվա մամուլը անդրադառնում է 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ոճրագործությանը:

«Հայք» թերթը, մասնավորապես, գրում է. - «Մինչեւ հիմա դեռեւս բացահայտված չեն «ուչաստկովիի» մակարդակի այս գործի պատվիրատուները: Սակայն ոչ մի գաղտնիք երկար կյանք չունի: Կբացահայտվի նաեւ սա»:

«Իրավունք»-ի էջում «Սահմանադրական իրավունք» միություն» կուսակցության ղեկավար Հայկ Բաբուխանյանը փոխանցում է. - «Առեղծվածային միջադեպերը շարունակվեցին նաեւ «27»-ից հետո. բանտում մարդիկ էլեկտրահարվեցին կամ կախվեցին, կարեւոր վկաներ հանկարծ հայտնվեցին ԱՄՆ-ում կամ զոհվեցին: Ասել է՝ հարցականները բազմաթիվ են, կան, ու չեմ կարծում, թե դրանք բացահայտվեն շուտով»:

Հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհ դարձած Յուրի Բախշյանի այրին՝ Անահիտ Բախշյանը, «Ա1+»-ին տված հարցազրույցում ասում է. - «Ես միայն դատավարության ընթացքից ելնելով` համոզված ասում եմ, որ եղել են կազմակերպիչներ, որ այդ կազմակերպիչները պատահական մարդիկ չեն, որ նրանցից ոմանք այսօր իշխանության մեջ են, ոմանք վերացվեցին, ոմանց էլ փախցրեցին: Ինչո՞ւ եմ համոզված, որ կազմակերպիչներից ոմանք իշխանության մեջ են, դա երեւում է իրենց պահվածքից, զոհվածների հիշատակի նկատմամբ ունեցած իրենց վերաբերմունքից»: Տիկին Բախշյանը, հիշելով, որ Ռոբերտ Քոչարյանը գրեթե Եռաբլուր չի գնում, նկատում է. - «Որպես պետության ղեկավար` նա բարդույթներով մարդու վարքագիծ ունի: Ինքնապաշտպանվելու խնդիր ունի կարծես, իրեն փաթաթել է անտեսանելի փշալարերով, որոնք թույլ չեն տալիս իրեն մոտենալու հասարակությանը»:

«Ազգ» թերթը հետահայաց ամփոփել է. - «Երբ յոթ տարի անց զոհվածների հարազատներն ու մտերիմները դեռեւս բարձրաձայնում են վարկածներ, եւ այդ վարկածներից առնվազն երեք-չորսը ճշմարտանման են թվում, մեր երկրի անվտանգության պատասխանատուներն ու մենք մտածելու շատ բան ունենք: Իսկ եթե կեղծություն կա, կան մեծ պետությունների շահեր, որոնք միահյուսվել են ողբերգությանը, ու դրա մասին գիտեն առնվազն մի քանի մարդ, բայց բարձրաձայնել չեն կարող, երիցս ուրեմն վտանգ կա` հասցեագրված պետությանը, պետականությանը, նրա ղեկավարներին ու ժողովրդին, քանզի այդ շահերը միշտ առկա են լինելու տարածաշրջանում ու մեր երկրում, եւ անգամ փոքրիկ պետությունը պետք է կարողանա իր անվտանգության ապահովման խնդիրներն այնպես լուծել, որ նրա ժողովուրդը կասկածներ չունենա իր եւ իր երկրի ղեկավարների ապահովության վերաբերյալ»:

Հոկտեմբերի 27-ին սպանված Ազգային ժողովի փոխնախագահ Յուրի Բախշյանի այրին` Անահիտ Բախշյանը «Առավոտ»-ին տված հարցազրույցում տխուր տարելիցի առթիվ ասել է. - «Ոչ մի լուրջ հարց չբարձրացվեց՝ ո՞վ թույլ տվեց, որ ահաբեկիչները հասնեն դահլիճ ու զենքերը ներս տանեն, ո՞վ Արմենակյանին սպանեց, ինչու նրա սպանության վայրը արագ մաքրվեց-վերանորոգվեց։ Դատավարությունը լուսաբանվում էր այնպես, ինչպես թելադրում էին ինչ-որ մարդկանց կամքը, շահերը` հետեւյալ տրամաբանությամբ. կոծկել, թաքցնել, թույլ չտալ, որ որեւէ էպիզոդի վրա լույս սփռվի: Ակնհայտ է, որ դատարանը 3,5 տարի ձրի փող առավ պետությունից ու փակեց դատը՝ իրազեկ պահելով հանրությանն այնքան, ինչքան գիտեինք հոկտեմբերի 28-ին»։

«Ժամանակ-երեւան» թերթի խմբագրականը հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը որակելով իբրեւ «նորանակախ ժամանակաշրջանի ջրբաժան», գնահատել է. - «27-ն իրապես զտեց, թե ով այս երկրում որտեղ է եւ ինչու. տեսանելի մասում վերջնականապես հաստատվեց, թե ինչ դավանանք է իշխում մեզանում ամենուրեք։ Վերջնականապես հասկանալի դարձավ, որ Հայաստանում, ինչպես եւ Ղարաբաղում հաստատվում է աներկբա ռազմաոստիկանական պետություն, եւ այն էլ՝ 70-ամյա կոմունիստական մառազմից եւ ծանր գնով ձեռք բերված անկախությունից հետո, ուստի պետք է սպասել, որ ձեւախեղումները դառն էին լինելու՝ բոլոր տեսանկյուներից։ Այդպես էլ եղավ եւ կա»։

Նկատելով, որ «հոկտեմբերի 27-ը Հայաստանի ներքաղաքական զարգացումների վրա ամենաշատը ազդած իրադարձություններից է` անկախությունից ի վեր», «Հայկական ժամանակ»-ը փաստել է. - «Հայաստանում քաղաքական բնույթի միջոցառումներ նախատեսված չեն: Տեղի են ունենալու զոհվածների հիշատակը հարգելուն ուղղված միջոցառումներ: Այս վիճակը, իհարկե, շարունակվում է մի քանի տարի: Բայց կարծում ենք, ավելորդ չէր լինի, եթե տեղի ունենային քննարկումներ, որոնց նպատակը կլիներ պարզել, թե, ի վերջո, արդյո՞ք հայ հանրությունը եւ քաղաքական ուժերը հանցագործությունը բացահայտված են համարում, եւ արդյո՞ք այս առնչությամբ նախկինում հնչած գնահատականներն ուժի մեջ են»:


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG