Մատչելիության հղումներ

Արամ Սարգսյան. «Մենք միանշանակ կողջունենք Լեւոն Տեր-Պետրոսյանի մուտքը քաղաքական դաշտ»


Ընդդիմադիր «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը հինգշաբթի օրը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ իր ղեկավարած կուսակցությունը «միանշանակ կողջուներ Լեւոն Տեր-Պետրոսյանի մուտքը քաղաքական դաշտ»:

Նրա խոսքերով, «Հանրապետություն» կուսակցությունը «միշտ դրական վերաբերմունք է հայտնել առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի մասին». - «Բայց Լեւոն Տեր-Պետրոսյանը այն քաղաքական գործիչն է, որի մասին «եթե»-ներով խոսելու իրավունք ես անձամբ չունեմ: Երբ որ Լեւոն Տեր-Պետրոսյանը ինքը որոշում կկայացնի մտնել քաղաքական դաշտ, մենք միանշանակ կողջունենք այդ մուտքը ու դրանից հետո մեր տեսակետը կասենք»:

«Անձամբ ես կուզենայի, որ ինքը մտներ քաղաքական դաշտ», - հավելեց Արամ Սարգսյանը:

Սարգսյանը «խիստ հավանական» է համարում նախընտրական դաշինքների ձեւավորումը ՀՀՇ-ի, «Օրինաց երկիր», «Ժառանգություն» եւ Ազատական-առաջադիմական կուսակցությունների հետ: «Հանրապետություն» կուսակցության նախագահը հարկ համարեց նշել, որ թեեւ այս պահին վաղ է խոսել, թե նշված ուժերից որի հետ համագործակցությունը առավել սերտ կլինի, բայց միանշանակ է, որ «Հանրապետությունը»-ը ընտրությունների գնալու է դաշինքով:

Արամ Սարգսյանի կարծիքով, իշխանության երկու թեւերը` «ի դեմս նախագահ Քոչարյանի եւ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի», շարունակում են պայքարել միմյանց դեմ` փորձելով ապացուցել, թե «ով է այսօր ավելի ուժեղ եւ ազդեցիկ» եւ «ով պետք է ավելի շատ ձայներ նկարի»:

Անդրադառնալով արտգործնախարար Վարդան Օսկանյանի նախագահական հավականություններն` ընդդիմադիր գործիչը ասաց. - «Եթե նախագահական նստավայրը Վարդան Օսկանյանին նման բան ասած չլիներ, Վարդան Օսկանյանի նման համեստ մարդը երբեք նման բաներ չէր խոսի եւ նման հավակնություններ չէր ցուցաբերի»:

Նրա խոսքերով, շատ բարդ է ասել, թե ինչ նպատակով է դա արվում, որովհետեւ «Ռոբերտ Քոչարյանը քաղաքական տակտիկան հրաշալի օգտագործում է` մասնավորապես Սերժ Սարգսյանի դեմ»:

Սարգսյանը ասաց, որ համոզված է, որ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի միջեւ կան հակասություններ. - «Այսօրվա դրությամբ սեփական ուժերը չափելու գործընթաց է գնում այդ երկու թեւերի մեջ»:

Այդուհանդերձ, ընդդիմադիր գործիչը չի բացառում, որ ինչ-որ փուլում, երբ «զգան, որ ամեն ինչ կորցնում են», Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը համաձայնության գան:

Հաշվի առնելով իշխանական այս թեւերի միջեւ սկսված պայքարը եւ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման շուրջ հնարավոր զարգացումները` «Հանրապետություն» կուսակցության առաջնորդը «շատ հնարավոր» է համարում արտահերթ նախագահական ընտրությունների անցկացումը:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG