Մատչելիության հղումներ

«Ռեկորդային կարճ ժամկետներում՝ 2 տարվա ընթացքում վերակառուցման եւ արդիականացման ծրագրի արդյունքում Հայաստանն այսօր` ի դեմս «Արմենալ»-ի, ստանում է Եվրոպայում ալյումինի գլանման լավագույն գործարանը», - հինգշաբթի օրը Երեւանում հայտարարեց «Արմենալ»-ի սեփականատեր, ալյումինի արտադրության համաշխարհային առաջատարներից մեկի` «Ռուսալ»-ի փոխնախագահ Ալեքսանդր Լիվշիցը. - «Գործարանը արտադրելու է ամենաբարձր որակի փայլաթիթեղ: Մոտավորապես 5 անգամ ավելի, քան մինչեւ արդիականացումն էր: Համարյա ամբողջ արտադրանքը արտահանվելու է, եւ «Արմենալ»-ը Հայաստանի համար ապահովելու է հարկեր, աշխատատեղեր եւ արտարժույթի ներհոսք»:

2004 թվականի հոկտեմբերին «Ռուսալ»-ը համաձայնագիր էր ստորագրել գերմանական Achenbach ընկերության հետ «Արմենալ»-ի համալիր վերազինման ծրագրի իրականացումը սկսելու վերաբերյալ՝ ուղղված արտադրության ամբողջական ցիկլի ստեղծմանը եւ արտադրանքի տեսականու փոփոխմանը: Արդիականացման ծրագրի արժեքը կազմել է 80 մլն ԱՄՆ դոլար:

Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանի խոսքերով, կառավարությունը կարեւորում է այն խոշոր ընկերությունների ջանքերը, որոնք, ի տարբերություն ժամանակի քննությունը չբռնած մի շարք ձեռնարկությունների, կարողանում են, շուկայի պահանջները հաշվի առնելով, վերանայել իրենց քաղաքականությունը, «կարողանում են նոր ներդրումների ներգրավելով տեխնիկապես վերազինել արտադրությունը, սպառման շուկաներ եւ գործընկերներ գտնել եւ մրցունակ արտադրանք թողարկել` այդպիսով զգալիորեն նպաստելով նաեւ արտահանման ծավալների աճին եւ, ընդհանուր առմամբ, տնտեսության զարգացմանն ու սոցիալական խնդիրների լուծմանը»:

Ալեքսանդր Լիվշիցը, դիմելով «Արմենալ»-ի կոլեկտիվին նշեց, թե իրենք արել են հնարավոր ամենը, որպեսզի ստեղծվեն նոր աշխատատեղեր, բանվորներն ունենան լավ սարքավորումներ եւ աշխատանք, եւ այժմ աշխատողների հերթն է, որ արտադրանքը լինի որակյալ, իսկ աշխատավարձը՝ բարձր. - «Կարող եմ ասել, որ հրահանգ եմ տվել «Արմենալ»-ի տնօրենին` վճարել, վճարել եւ վճարել, եւ որքան շատ՝ այնքան լավ»:

Ողջ հզորությամբ աշխատելու դեպքում գործարանը կթողարկի տարեկան 25 հազար տոննա փայլաթիթեղ: Ալեքսանդր Լիվշիցը «Ազատություն» ռադիոկայանի հարցին ի պատասխան հաստատեց, որ նախատեսվում է առաջիկայում ավելացնել «Արմենալ»-ի արտադրական հզորությունները. - «Մենք մտածում ենք այդ ուղղությամբ: 25 հազար տոննան շատ լուրջ ծավալ է, սակայն մտածելու ենք «Արմենալ»-ի հզորութունը տարեկան մինչեւ 40 հազար տոննայի հասցնելու մասին»:

Հարցին, թե երբ տեսանելի կդառնան արդիականացման արդյունքները, «Արմենալ»-ի տնօրեն Գեորգի Ավետիքյանը պատասխանեց. - «Մենք արդեն տեսնում ենք: 80 միլիոնը դրած է, սարքավորումները դրած են, արտադրանքը կա, ժողովուրդը աշխատելու է, ռոճիկ ստանալու է, արտադրանք ստանալու ենք, վաճառելու ենք»:

Ավետիքյանի խոսքերով, հնարավորություն է ընձեռվել արտադրել աշխարհում ամենամեծ պահանջարկ ունեցող գերբարակ` 6-9 միկրոն հաստությամբ փայլաթիթեղ: Իսկ սա նշանակում է, որ նաեւ ծխախոտի հայրենական արտադրողներն այլեւս հարկադրված չեն լինելու այդ գերբարակ փայլաթիթեղը ձեռք բերել դրսի շուկաներից` ծախսելով խոշոր գումարներ:


Ռուբեն Մելոյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG