Մատչելիության հղումներ

logo-print

Բաքուն դրական է գնահատում Հայաստանի արտգործնախարարի հայտարարությունը


Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվական քաղաքականության վարչության պետ Թաիր Թաղիզադեն Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանի վերջին հայտարարությունը տարածքների վերադարձի առնչությամբ դրական է գնահատել:

Ադրբեջանական «Թրենդ» գործակալությանը տված հարցազրույցում Թաղիզադեն ասել է, թե հակամարտության կարգավորման գործընթացի շրջանակներում «Ադրբեջանի տարածքների վերադարձի անհրաժեշտությունը փաստ է հայկական կողմի համար»:

«Հայաստանի արտաքին գործերի նախարարը հստակ եւ պարզ հասկացրեց, թե հայկական կողմը հասկանում է, որ Ադրբեջանական Հանրապետության բոլոր գրավյալ տարածքների վերադարձը՝ իրենց մշտական բնակության վայրերը տեղահանվածների վերադարձի հետ մեկտեղ, հակամարտության կարգավորման անքակտելի տարրն է», - հայտարարել է Թաղիզադեն:

Նախօրեին ելույթ ունենալով Հայաստանի խորհրդարանում՝ Վարդան Օսկանյանը հայտարարել էր, որ Ադրբեջանի հետ բանակցություններում տարածքների հարցը կքննարկվի միայն Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հստակեցումից հետո. - «Միայն այդ դեպքում մենք մանրամասների մեջ կմտնենք տարածքների հարցում»: Հայաստանի արտգործնախարարը պարզաբանել էր, որ խոսքը ոչ միայն ադրբեջանական, այլեւ հայկական տարածքների մասին է: «Տարածքներ ասելով` մենք հասկանում ենք բոլոր տարածքները՝ նաեւ Ղարաբաղի հյուսիսային եւ արեւելյան շրջանները, Մարտակերտը եւ Մարտունին: Շահումյանը նույնպես փաթեթի մաս է կազմում», - ընդգծել էր Օսկանյանը: Նա ասել էր նաեւ, որ «այդ հարցերը տարբեր շերտերում, տարբեր հարթության վրա են գտնվում, բայց բոլորն էլ փաթեթի մաս են կազմում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG