Մատչելիության հղումներ

ԱՄՆ-֊ի հայկական կազմակերպությունների որոշ ներկայացուցիչներ գտնում են, որ ամերիկահայ ընտրողները իրենց ձայները պետք է տան դեմոկրատներին, քանի որ հանրապետական Ջորջ Բուշն էր, որը դրժելով իր խոստումը՝ խափանեց Հայոց ցեղասպանության ճանաչումը, իսկ Ներկայացուցիչների պալատի հանրապետական խոսնակ Դենիս Հասթերթը խափանեց Հայոց ցեղասպանության ճանաչման հարցով քվեարկությունները:

ԱՄՆ-ի Կոնգրեսի նոյեմբերի 7-ի ընտրություններին մնացել են հաշվված օրեր, որոնք շատ կարեւոր են Հանրապետական եւ Դեմոկրատական կուսակցությունների համար՝ իրենց դիրքերն ամրապնդելու առումով:

Այս օրերին տարբեր կազմակերպություններ եւ լրատվամիջոցներ անցկացնում են հարցումներ՝ պարզելու, թե ո՞ր կուսակցությունն է հաջողություն գրանցելու, տվյալ դեպքում՝ մեծամասնություն կազմելու Ներկայացուցիչների պալատում:

Հանրապետականները, որոնց վարկանիշը երկրի նախագահի վարկանիշի հետ շարունակում է անկում ապրել, հատկապես՝ Իրաքում իրականացվող քաղաքականության պատճառով, գուցե կորցնեն մի քանի տեղ, եւ հարցն այն է, թե կբավականացնե՞ն արդյոք այդ տեղերը, որպեսզի դեմոկրատները մեծամասնություն կազմեն:

Եթե դեմոկրատները կարողանան գրավել եւս 15 տեղ, նրանք մեծամասնություն կկազմեն Ներկայացուցիչների պալատում եւ 12 տարվա ընդմիջումից հետո կստանձնեն Պալատի նախագահի՝ խոսնակի պաշտոնը:

Հարցումները ցույց են տալիս, որ դեմոկրատները կարող են վերցնել առավելագույնը եւս 25 աթոռ: Այդ դեպքում խոսնակի պաշտոնը կստանձնի Կալիֆորնիան ներկայացնող կոնգրեսական 66-ամյա Նենսի Փելոսին, որը Ներկայացուցիչների պալատում իր հարստությամբ 8-րդ տեղում է:

Փելոսին, ի տարբերություն Ներկայացուցիչների պալատի ներկայիս խոսնակ Հասթերթի, որը բազմիցս խափանել է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու փորձերը, արդեն 20 տարի համարվում է հայամետ կոնգրեսական, հանդես է եկել հայկական տարբեր հարցերի աջակցությամբ, հայտարարություններով եւ կոչերով:

Մեկ օր առաջ Փելոսին հայտարարել է, որ Ներկայացուցիչների պալատի նախագահի պաշտոնը ստանձնելու դեպքում ամեն ինչ կանի Հայոց ցեղասպանության ճանաչման համար:

Հարցումների համաձայն, դեմոկրատներն արդեն ձայների առավելություն ունեն սովորաբար հանրապետականներին աջակցող Վիրջինիա եւ Օհայո նահանգներում: Հանրապետականները դեռեւս առավելություն են պահպանում Միսուրիում եւ Թենեսիում:

Դեմոկրատները ձայների փոքր տարբերությամբ առավելություն ունեն Փենսիլվանիայում, Ռոդ Այլենդում եւ Մոնտանայում: Ընտրությունների արդյունքների վրա մեծապես ազդելու են հենց այս նահանգների քվեարկության արդյունքները:

Բոլոր հաշվարկները ցույց են տալիս, որ դեմոկրատները հանրապետականների նկատմամբ կունենան նվազագույնը 51:49 հարաբերությամբ առավելություն: Այս դեպքում Ներկայացուցիչների պալատում մեծամասնություն կկազմեն նրանք, եւ Պալատի նախագահը կդառնա Փելոսին: Հավասար արդյունքի դեպքում, ըստ երկրի սահմանադրության, ԱՄՆ-ի փոխնախագահ Դիք Չեյնին քվեարկություն կանցկացնի խորհրդարանում:


Արամ Վանեցյան, Լոս Անջելես

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG