Մատչելիության հղումներ

Եվրամիությունը մտադիր չէ ընդլայնել իր մասնակցությունը Աբխազիայի եւ Հարավային Օսիայի հակամարտությունների կարգավորմանը


Երեկ երեկոյան ելույթ ունենալով Ստրասբուրգում՝ Եվրախորհրդարանի նիստում, Ֆինլանդիայի՝ Եվրոպային առնչվող հարցերով նախարար Պաուլա Լեhտոմեակին իրական չի համարել Եվրամիության ավելի մեծ մասնակցությունը Աբխազիայի եւ Հարավային Օսիայի հետ տարվող բանակցություններին:

Նշելով, որ Վրաստանը ցանկանում է, որպեսզի Եվրամիությունը ավելի մեծ մասնակցություն ունենա Աբխազիայի եւ Հարավային Օսիայի հետ տարվող բանակցություններում, ինչպես նաեւ մասնակցի խաղաղապահ գործողություններին, Ֆինլանդիայի նախարարն ընդգծել է. - «Այդպիսի հեռանկարը ռեալ չէ»:

Եվրախորհրդարանն անդրադարձել է նաեւ Մերձդնեստրի խնդրին:

Եվրամիության արտաքին հարաբերությունների պատասխանատու Բենիտա Ֆերերո-Վալդներն ասել է, թե Ռուսաստանը փորձում է հասնել նրան, որ միջազգային հանրությունը ինչ-որ ձեւով ճանաչի Մերձդնեստրի անկախությունը: Նա հիշեցրել է Ռուսաստանի արտգործնախարարի խոսքերը, որը ակնարկել էր Մերձդնեստրի անկախության հանրաքվեի քաղաքական ճանաչման հնարավորությունների մասին:

«Ես կարծում եմ, դա ծայրահեղ կդժվարացնի խնդրի կարգավորումը», - հայտարարել է Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյան:

Իսկ Ռուսաստանի հանդեպ տարվող ընդհանուր քաղաքականության առումով Եվրախորհրդարանը Եվրամիության անդամ երկրներին կոչ է արել Մոսկվայի հետ հարաբերությունները կառուցել ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ խոսքի ազատության սկզբունքների հիման վրա:


Հրաչ Մելքումյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG