Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Հայկական ժամանակ»-ին լավատեղյակ աղբյուրներից հայտնի է դարձել, որ վերջին շրջանում Ռուսաստանից հայկական կապիտալի արտահոսքի պրոցես է սկսվել. - «ՌԴ-ի խոշոր հայ գործարարները իրենց փողերը տանում են Եվրոպա եւ Միացյալ Նահանգներ, այնտեղ անշարժ գույք են ձեռք բերում»։ Թերթի պարզբանմամբ, «այս գործընթացի պատճառն այն լուրերն են, որ հայ բիզնեսմենները ստանում են ՌԴ հատուկ ծառայությունների իրենց աղբյուրներից»: Մասնավորապես, մի հայ խոշոր գործարար, որն իր փողերը ինտենսիվ հանում է Մոսկվայից, թերթի թղթակցին հավաստիացրել է, որ սեփական աչքերով կարդացել է ՌԴ հատուկ ծառայությունների ստորաբաժանումներին ուղղված գաղտնի շրջաբերական, որտեղ ասվում է, որ հակավրացական գործողությունները որպես պատրվակ օգտագործելով` անհրաժեշտ է որոշակի անհանգստություններ պատճառել նաեւ հայ գործարարներին:

«Հայք» թերթի փոխանցմամբ` «ըստ երեւույթին, ՀՀՇ-ին այդպես էլ չի հաջողվել լափել հանրապետության ամբողջ մազութը, որի մասին տարիներ շարունակ աղաղակում էր Արշակ Սադոյանը»: «Վերջին մի քանի օրերին քաղաքային իշխանությունը այդպես էլ չլափված այդ մազութից առատորեն լցնում է մայրաքաղաքի կենտրոնական փողոցների ասֆալտի ճաքերի մեջ», - գրում է թերթը:

«Ղարաբաղյան կարգավորման շուրջ բանակցային վերջին գործընթացների մասին Հայաստանի իշխանական կոալիցիան ներկայացնող ուժերի տարատեսակ ու իրարամերժ գնահատականները սոսկալի են», - արձանագրել է այսօր «Ժամանակ-Երեւան»-ի խմբագրականն ու առանձնացրել. - «Մերթընդմերթ ժխտելով ղարաբաղյան կնճռի կարգավորման դիվանագիտական ուղին` սրանք սպառնում են, որ խնդիրը պարտադրաբար կարող են լուծել պատերազմի ճանապարհով` միեւնույն ժամանակ առիթը բաց չթողնելով խոցել բոլոր նրանց, ովքեր հիանալիորեն հասկանում են, որ ավելի քան տասը տարի առաջ արձանագրված ռազմական հաջողությունները կարելի էր եւ հաղթանակ համարել, եթե հրադադարի հաստատումը պսակվեր խնդրի կարգավորման մեջ դիվանագիտական լուրջ ձեռքբերումներով... Հիմքեր կան ենթադրելու` եւ դրանք նոր չեն, որ իշխանության պատկերացումները դիվանագիտական հաղթանակի մասին շարունակում է կապված մնալ հակառակորդի տոտալ կապիտուլյացիայի հետ, ինչն իրատեսական չէ»:

«Ցուրտ ձմեռը սպառնում է նաեւ Հայաստանին» վերնագրի տակ «Տարեգիր» պարբերականն այսօր գրել է. - «Ռուս-վրացական հակամարտությունից ամենաշատը կարող է տուժել Հայաստանը` եթե կախված մնա Ռուսաստանի փեշերից»։ «Եթե նորմալ հարաբերությունների» շրջանում համարյա յուրաքանչյուր ձմեռ ռուսները տարբեր պատրվակներով երկու-երեք շաբաթով փակում էին գազատարը, ապա լարվածության ներկայիս մակարդակում դա արդեն անխուսափելի է», - նկատել է պարբերականը ու հասցեագրել. - «Հայաստանի համար այս անգամ դա կարող է հիվանդագին չարտահայտվել, քանի որ դեկտեմբերին գործարկվելու է Իրան - Հայաստան գազամուղը, բացի այդ, հայկական ատոմակայանը վերսկսելու է իր աշխատանքները նույնպես դեկտեմբերի 1-ից»։

«Մեծամասնակա՞ն, թե՞ համամասնական» երկակիությանն իշխանական շարժառիթներին անդրադառնալով` «Առավոտ»-ի խմբագրականն այսօր հիմնավորել է. - «Իշխանություններն ավելի ծանրակշիռ փաստարկ ունեն՝ որքան հնարավոր է ավելի շատ մեծամասնական տեղեր պահելու համար, քան պարզապես 41 «ապահովված» տեղ ունենալն է։ Տեսականորեն, իհարկե, միեւնույնն է՝ այս կամ այն մականունավոր «գործարարը» պատգամավոր կդառնա կուսակցակա՞ն ցուցակով, թե՞ անհատապես»։ «Գործնականում դրանք տարբեր բաներ են», - գրել է խմբագրականն ու բացատրել. - «Տվյալ տարածքի կալվածատերը, օլիգարխը, «դոնը» շատ ավելի ուժեղ մոտիվացիա ունի աշխատելու իշխանության համար, եթե նա առաջադրվում է մեծամասնական կարգով։ Այդ դեպքում նա ավելի «ջիգյարով» է կպնում գործին՝ թե իր եւ թե իր կուսակցության համար։ Այդպիսով, մեծամասնական ընտրակարգը մի յուրահատուկ վարձ է՝ կալվածատերերի «լավ աշխատանքի» համար։

«Հայք» թերթի փոխանցմամբ, «ըստ երեւույթին, ՀՀՇ-ին այդպես էլ չի հաջողվել լափել հանրապետության ամբողջ մազութը, որի մասին տարիներ շարունակ աղաղակում էր Արշակ Սադոյանը». - «Վերջին մի քանի օրերին քաղաքային իշխանությունը այդպես էլ չլափված այդ մազութից առատորեն լցնում է մայրաքաղաքի կենտրոնական փողոցների ասֆալտի ճաքերի մեջ»:

«Հայաստանում թմրաբիզնեսով զբաղվողների մեջ գնալով ավելի ու ավելի հաճախ ենք հանդիպում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիների անուններ», - փոխանցել է այսօր «Հայոց Աշխարհ»-ն ու մանրամասնել. - «Գլխավոր դատախազության կողմից հարուցված այս բնույթի քրեական գործերի վերլուծությունը ցույց է տալիս, որ իրանցիները հիմնականում հանդես են գալիս մատակարար-իրացնողի դերում, Հայաստանում նրանք արդեն իսկ ձեւավորել են իրենց ցանցը եւ ունեն մարդիկ, ում համար թմրանյութ են բերում եւ ում միջոցով իրացնում։ Հաճախ այս գործի մեջ ներգրավված են լինում Հայաստան - Իրան, Իրան - Հայաստան բեռնափոխադրման ընկերությունների աշխատակիցները՝ հատկապես վարորդները»։


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG