Մատչելիության հղումներ

«Պաշտոնյաների պատասխանները «ստերի շղթա» էին»


«Պաշտոնյաների պատասխանները «ստերի շղթա» էին», - վստահ են Եվրոպական համալսարանի ուսանողների ծնողները:

«Վարչապետն ասում է՝ «կարգուկանոն պիտի մտցնենք Եվրոպական համալսարանում», բայց նախ ձեր նախարարություններում կարգուկանոն մտցրեք: Բոլոր նախարարություններում ստախոսներ են հավաքված: Հերթով անցանք՝ նախարարի ստով, հետո՝ փոխնախարարների ստերով, վերջում՝ վարչապետի սուտը: Այս պայմաններում էլ ո՞նց կարելի է ինչ-որ բանի հավատալ», - շուրջ երկամսյա պայքարի ու քաշքշուքների արդյունքում Հայաստանի պետական այրերի նկատմամբ նման կարծիքի է հանգել Եվրոպական համալսարանի առաջին կուրսեցու ծնող Սուսաննա Հարությունյանը:

Ուրբաթ օրը խաբված ուսանողների հայցը կմտնի առաջին ատյանի դատարան:

Թեեւ 13 ուսանող իրենց իրավունքները դատարանում արդեն չեն էլ հասցնի պաշտպանել, քանի որ նոյեմբերից բանակ կգնան: Մյուսներն էլ դատարանի հետ մեծ հույսեր չեն կապում. - «Մի բան հասկացանք. էս երկրում օրենք չկա, չի էլ լինի: Ամեն ինչ իրենց ձեռքում է, դատարանն էլ, Սահմանադրական դատարանն էլ, ինչ ուզեն` կանեն: Բայց դե «փորձը փորձանք չի»:

Ըստ նրանց, նախարարությունների եւ կառավարության պաշտոնյաների, ինչպես նաեւ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի խոսքն ու գործը միմյանց չհամապատասխանեցին: Բացի այն, որ կառավարությունը բանակից տարկետման անսահմանափակ տեղեր ունեցող բուհից այդ իրավունքը խլեց վերջին պահին՝ հուլիսի 13-ի որոշմամբ, երբ դիմորդների հայտերի ընդունմանը մնացել էր 1 օր եւ նրանք այլեւս ոչինչ անել չէին կարող, որոշումը վերանայելու պահանջով նախարարություններին ուղղված բողոքի նամակների պատասխաններն էլ ստացան մեկ ամիս ուշացումով եւ միայն այն ժամանակ, երբ նախագահը ստորագրեց աշնանային զորակոչի մասին հրամանագիրը: Ուստի նույնիսկ դատարան դիմելն է ուշացած:

Մանավանդ որ, ըստ բողոքողների, կրթության եւ գիտության նախարարության եւ արդարադատության նախարարության բացասական պատասխանները իրավաբանորեն վիճարկելի են:

Պատասխաններում կառավարության որոշումը հիմնավորված է, թե համաձայն «Զինապարտության մասին» օրենքի 16-րդ հոդվածի երկրորդ մասի, կառավարությունն իրավասու է պարտադիր զինծառայությունից տարկետում տալ: Բայց, միեւնույն ժամանակ, կառավարությունն իրավասու է նաեւ «ցանկացած պահի փոփոխություններ կատարել իր որոշումներում»: Սակայն Սահմանադրության 42-րդ հոդվածն ամրագրում է, որ անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքները հետադարձ ուժ չունեն:

«Հետադարձ ուժի խնդիր չկա, նախկին ռեկտորը ամիսներ առաջ տեղյակ է եղել, ինչպես նաեւ տեղյակ են եղել Սլավոնական եւ Եվրոպական համալսարանների ղեկավարները», - վերջերս հիմնավորել էր կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը:

Սակայն ծնողները վկայում են, որ նախարարն իրենց հետ զրույցներում այլ բան է վկայակոչել. - «Նույն նախարարը, երբ հարցրեցինք, թե ինչու այդպես հապճեպ կայացվեց այս որոշումը, ասեց՝ Սերժ Սարգսյանը մեզ պարտադրել է, մենք էլ տեղերը տվել ենք: Իսկ Սերժ Սարգսյանը, եթե նման պահանջ էր առաջադրում, թող պետական բուհերի առաջ դներ: Այնտեղ ավելի շատ են տղաները»:

Ըստ ծնողների, հակասություն կա նաեւ Դավիթ Հարությունյանի բանավոր խոսքերի եւ նամակի պատասխանի միջեւ: «Նա ի սկզբանե ասում էր, որ կառավարությունը նման իրավասություններ ունի ոչ պետական բուհերի պարագայում, իսկ Եվրոպականը ոչ պետական բուհ չէ: Բայց նամակի պատասխանում այլ բան է գրված»:

Ուսանողները չեն վստահում նաեւ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանին` կասկածի տակ դնելով այս կառույցի անկախությունը:

Հիշեցնենք, որ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում 3 շաբաթ առաջ խոստացել էր, որ այս հարցը լրջորեն քննարկվում է, եւ` «այս պատանիները չեն տուժի»:

Սակայն առ այսօր որեւէ դրական տեղաշարժ չկա:

«Զինապարտության իրավունքը տուժել-չտուժելու հետ չկապենք: Հազարավոր երեխաներ առանց տարկետման սովորում են մյուս բուհերում, եւ նման հարցադրում չկա: Եթե դատարանը կորոշի, որ նրանց իրավունքները ոտնահարված են, խնդիրը շատ արագ կարելի է լուծել», - վարչապետի խոստումը մեկնաբանեց կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը: - «Բայց կարելի է լուծել ոչ թե համալսարանին տեղեր տալու ճանապարհով, այլ կոնկրետ երեխաներին տարկետման տեղեր առաջարկելով»:

Առաջին 13 հոգուն այս ամենն այլեւս չի վերաբերում. նրանք հիմա բանակ կգնան, մնացած 200-ն էլ կսպասեն դատարանի վճռին:


Իրինա Հովհաննիսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG