Մատչելիության հղումներ

Թուրքական խորհրդարանը «կոտորածներ իրականացրած» եվրոպական երկրների ցուցակ է պատրաստում


Թուրքական խորհրդարանը հաջորդ քայլն է ձեռնարկել Հայոց ցեղասպանության ուրացման համար քրեական պատիժ սահմանող օրինագծի՝ Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից ընդունումը դատապարտելու արշավում: «Զաման» օրաթերթի փոխանցմամբ, թուրք խորհրդարանականները «ամոթալի ցուցակ» են կազմում՝ դրանում ընդգրկելով «կոտորածներ իրականացրած» եվրոպական երկրները, այդ թվում Ֆրանսիան, Գերմանիան եւ Նիդերլանդները:

Նման ցուցակի համար ուսումնասիրություններ կատարելու անհրաժեշտությունը պնդում է Թուրքիայի խորհրդարանի արդարադատության ենթահանձնաժողովը, որը քննարկում էր Ֆրանսիայի կողմից Ալժիրում իրականացված «ցեղասպանությունը» ճանաչելու հնարավորությունը: Այժմ հանձնախումբը իր ուսումնասիրությունների ոլորտում ընդգրկել է առհասարակ Հայոց ցեղասպանությունը ճանաչած երկրների կողմից անցյալում կատարված «կոտորածները»:

Հանձնախմբի անդամները լսել են Թուրքիայի պատմաբանների ընկերության նախագահ Յուսուֆ Հալաջօղլուի ելույթը եւ որոշել, որ եվրոպական երկրների նման ցուցակ հրապարակելը ավելի արդյունավետ է, քան միայն Ալժիրի «ցեղասպանության» ճանաչումը:

Հանձնախումբը պահանջել է, որպեսզի Թուրքիայի պատմաբանների ընկերությունը եւ արտաքին գործերի դեպարտամենտը Հայոց ցեղասպանությունը ճանաչած երկրների պատմության ծավալուն ուսումնասիրություններ կատարեն:

«Ամոթալի ցուցակը» նախատեսվում է հրապարակել Ռամադանի տոնակատարությունից հետո:

Իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության պատգամավոր Մուսթաֆա Նուրի Աքբուլութը հայտարարել է, թե այդ փաստաթուղթն ընդգրկելու է նաեւ տեքստ, որում պարզաբանվելու են 1915 թվականին հայերին «տեղահանելու» Թուրքիայի որոշման հանգամանքները:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG