Մատչելիության հղումներ

logo-print

Վրաստանը Ռուսաստանից պահանջում է դադարեցնել իր քաղաքացիների հետապնդումները


Պաշտոնական Թբիլիսին Ռուսաստանում Վրաստանի քաղաքացիների իրավունքների ոտնահարման վերաբերյալ տվյալներ է ուղարկել ՄԱԿ-ի մարդու իրավունքների գլխավոր հանձնակատարի գրասենյակ եւ միջազգային այլ կազմակերպություններ:

«Միջազգային կազմակերպությունները ուշադրությամբ ուսումնասիրում են վրացական կողմի տրամադրած նյութերը եւ կօգտագործեն իրենց հասանելի բոլոր մեխանիզմները՝ մարդու իրավունքների ոտնահարման փաստերին համապատասխան ձեւով արձագանքելու համար», - ասված է Վրաստանի արտգործնախարարության` երեքշաբթի երեկոյան տարածած հայտարարության մեջ:

Ըստ Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարության, «ՌԴ-ի ներգաղթային ծառայության եւ ՌԴ-ի ՆԳՆ-ի աշխատակիցները նպատակաուղղված աշխատում են Ռուսաստանում գտնվող Վրաստանի քաղաքացիների եւ վրացական ծագում ունեցող անձանց հայտնաբերման ուղղությամբ», իսկ «ՌԴ-ի բազմաթիվ դպրոցներ եւ բուհեր են ուղարկվել դիմումներ՝ վրացական ազգանուն ունեցող դպրոցականների եւ ուսանողների ցուցակներ տրամադրելու պահանջով»:

«Եղել են նաեւ դեպքեր, երբ դատարանում Վրաստանի քաղաքացիներին չեն տրամադրվել փաստաբաններ եւ թարգմանիչներ», - հայտարարել է Վրաստանի արտգործնախարարությունը:

Վրաստանի դիվանագիտական գերատեսչությունը «ռուսական կողմից պահանջում է միջոցներ ձեռնարկել՝ դադարեցնելու համար Վրաստանի քաղաքացիների եւ վրացական ծագում ունեցող անձանց հետապնդումները եւ պահպանելու մարդու միջազգայնորեն ճանաչված իրավունքները եւ ազատությունները»:

Միաժամանակ, ինչպես հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությունը, Ռուսաստանի իշխանությունները հայտարարում են, թե երկրից վարչական կարգով եւ դատարանների վճռով արտաքսվում են Վրաստանի միայն այն քաղաքացիները, ովքեր խախտել են ՌԴ-ի ներգաղթային օրենսդրությունը:

Վրացական կողմի պաշտոնական տվյալներով, սեպտեմբերի վերջից մինչեւ հոկտեմբերի 20-ը Ռուսաստանից դատարանների վճռով արտաքսվել են Վրաստանի 807 քաղաքացիներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG