Մատչելիության հղումներ

Դպրոցներում դեռ «Եվրոպայի շունչ» չի զգացվում


Այսպիսով պաշտոնյաները հայտարարում էին, որ սեպտեմբերից նոր՝ 12-ամյա կրթակարգին անցնելով, այս ոլորտում կարեւորագույն խնդիրը լուծված է:

Սակայն մեր դպրոցներում դեռ ոչինչ չի փոխվել, անգամ աշակերտները դեռ չեն դադարել ուսուցիչներին ավանդական «ընկեր»-ով դիմել, շարունակվում է նույն ավանդական «ուսուցիչ-աշակերտ» դասապրոցեսը: Այնինչ, նոր կրթակարգի համաձայն, դասերը պետք է անցկացվեն «ինտերակտիվ» մեթոդներով, աշակերտը պետք է ուսուցչին հավասար մասնակցություն ունենա դասերին` հավասար իրավունքներ, ինքնուրույնություն:

«Լայնամասշտաբ գործողությունները երբեւէ արդյունավետ չեն լինում: Հավաքում են մեծ խմբեր, ինչ-որ բան են ուզում սովորեցնել, բայց, նախ այդ սովորեցնողը պիտի լիարժեք իմանա, մարսած լինի ինֆորմացիան, որ կարողանա մյուսներին սովորեցնել: Նրանք էլ չգիտեն. ու ստացվում է, որ վերցնում են դասագիրքը, սկսում պատմել: Վերապատրաստումը դառնում է դասագրքի ներկայացում» ,- «Մաքս Լիբերթի»-ին ասաց թիվ 127 դպրոցի տնօրեն Նելսոն Էլոյանը:

Բացի այդ, յուրաքանչյուր ուսուցչի վերապատրաստումը տեւել է 5-7 օր: Այսինքն` տարիներ, հաճախ նույնիսկ տասնյակ տարիներ ուսուցման միեւնույն ավանդական մեթոդներին վարժված ուսուցչից պահանջվել է 5 օր մասնակցել դասընթացների, 5 օրում սովորել իր իմացածից միանգամայն տարբեր մեթոդներ եւ այդ գիտելիքների հիման վրա լրիվ փոխել աշխատաոճը: Այս մոտեցումն էլ թերհավատություն է առաջացրել մանկավարժների շրջանում: Մանավանդ որ, վերապատրաստողները եղել են սովորական ուսուցիչներ:

«Ինչ-որ ուսուցիչներ մասնակցում են մրցույթի, անցնում մեկամսյա դասընթացներ ու դառնում դասախո՞ս, մյուսներին էլ վերապատրաստո՞ւմ: Այսպես չի կարելի», - նշեց թիվ 172 դպրոցի տնօրեն Գրիգոր Գեոլյանը: - «Դասախոս դառնալու համար մարդիկ տարիներով դիսերտացիաներ են պաշտպանում, ուսումնասիրություններ կատարում»:

Բացի այդ, նոր կրթական մեթոդները դժվար մարսելի են նաեւ ուսուցիչների համար: Տնօրենների վկայությամբ, մեր ուսուցիչների հազիվ 10 տոկոսն է սիրում իր աշխատանքը եւ նվիրված է գործին: Մյուսները պարզապես ինչ-որ բանով զբաղվելու համար են գալիս դպրոց:

«Դպրոցը շատերի համար ուղղակի հարմար աշխատատեղ է, ուրիշ ոչինչ: Ուսուցիչների հազիվ 10 տոկոսն է, որ կարող է ասել, թե իրոք, ուսուցիչ է: Նրանցով էլ շատ բանի չես հասնի: Օպտիմալացման հոսանքի տակ շատերն օգտվեցին առիթից, լավերին հանեցին, երիտասարդների բերեցին: Նրանց մեջ էլ անգրագիտությունը շատ է», - վստահ էր թիվ 1 դպրոցի տնօրեն Լիլի Վարդգեսյանը:

Նոր 12-ամյա կրթակարգով ուսուցիչներին վերապատրաստելու համար Համաշխարհային բանկի վարկային ծրագրից տրամադրված է շուրջ 5 միլիոն դոլար: Պաշտոնյաները դժգոհ չեն գործընթացից: Նրանք վստահեցնում են, որ մինչեւ 2008 թվականը վերապատրաստում կանցնեն հանրապետության բոլոր 42 հազար ուսուցիչները եւ նոր՝ «եվրոպական դպրոցի» ամենալուրջ խնդիրը լուծում կստանա:


Իրինա Հովհաննիսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG