Մատչելիության հղումներ

logo-print

Թուրքերի 78 տոկոսը չի վստահում Եվրամիությանը


Թուրքական «Միլիեթ» օրաթերթի փոխանցմամբ, երեք թուրքերից երկուսը չեն վստահում Եվրամիությանը: Այդ են վկայում սեպտեմբերի 23-ին եւ 24-ին Թուրքիայի ավելի քան 2400 բնակիչների շրջանում A&G ինստիտուտի անցկացրած հարցախույզի արդյունքները:

Հարցվածների միայն 7,2 տոկոսն է վստահում Եվրամիությանը, մինչդեռ անվստահության մասին է հայտնել 78,1 տոկոսը: Հարցմամբ ընդգրկվածների 32,2 տոկոսը կողմ է անդամակցությանը Եվրամիությանը, 25,6 տոկոսը դեմ է, իսկ 33 տոկոսը չի կողմնորոշվել:

A&G ինստիտուտը հարցումն անցկացրել է մինչեւ Հայոց ցեղասպանությունը մերժելու համար պատիժ նախատեսող օրինագծի ընդունումը Ֆրանսիայի Ազգային ժողովում: Այդուհանդերձ, Ֆրանսիան արդեն թուրքերի կողմից առավել անվստահելի համարվող երկրների թվում էր. հարցվածների 76,1 տոկոսը չի վստահում Ֆրանսիային:

78,1 տոկոսը չի վստահում Հունաստանին, ԱՄՆ-ի հանդեպ անվստահության ցուցանիշն էլ ավելի բարձր է՝ 78,5 տոկոս, մինչդեռ Իրանին չի վստահում թուրքերի 43,1 տոկոսը:

Հայաստանի վերաբերյալ տեղեկություններ «Ֆրանսպրես»-ի հաղորդագրությունում չկան:

Ուշագրավ է, որ 2004 թվականին նույն ինստիտուտի անցկացրած հարցման արդյունքներով, թուրքերի 67,5 տոկոսը կողմ էր Եվրամիությանն անդամակցելուն, իսկ 2005-ին կողմ էր արդեն 57,4 տոկոսը:

«Միլիեթ»-ը այս կապակցությամբ նշում է, որ թուրքերի շրջանում հետզհետե նվազում է Եվրոպական միությանն անդամակցության գաղափարի ջատագովների թիվը:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG