Մատչելիության հղումներ

Ռոջեր Ռոբինսոն. «Հնարավոր է տնտեսական աճի տեմպերի պահպանումը` առանց ղարաբաղյան հակամարտության լուծման»


Համաշխարհային բանկի երեւանյան գրասենյակի ղեկավար Ռոջեր Ռոբինսոնը, ով ավարտում է իր քառամյա առաքելությունը Հայաստանում, «Ազատություն» ռադիոկայանի հետ բացառիկ հարցազրույցում կարծիք հայտնեց, որ վերջին տարիներին երկրում գրանցվող երկնիշ տնտեսական աճի տեմպերը հնարավոր է պահպանել` չլուծված Ղարաբաղյան հակամարտության պայմաններում:

«Ես մասնագիտությամբ տնտեսագետ եմ, եւ [կարծում եմ] դա հնարավոր է», - երկուշաբթի օրը «Ազատություն» ռադիոկայանին ասաց Ռոբինսոնը: - «Հարեւանների հետ հարաբերությունների բարելավումը անհրաժեշտ պայման է երկարատեւ տնտեսական աճի պահպանման համար: Տարածաշրջանում Հայաստանի պոտենցիալը շատ մեծ է: Այս առումով, կասկածից վեր է, որ հարեւանների հետ հարաբերությունների բարելավումը, առեւտրի հնարավորությունն է’լ ավելի կնպաստի տնտեսական զարգացմանը»:

Աճի տեմպերը պահպանելու համար, սակայն, նրա խոսքերով, հարկավոր են ինստիտուցիոնալ բարեփոխումներ . - «Չեմ տեսնում որեւէ պատճառ, թե ինչու չենք կարող պահպանել այս աճի տեմպերը: Ես պետք է ասեմ, որ ամեն տարի զարմացել եմ ցուցանիշներով: Եթե անցյալ տարի հարցնեիք` 12 տոկոս աճ կարո՞ղ էի կանխատել, կասեի` ոչ: Եվ ուրեմն` ինստիտուցիոնալ բարեփոխումները կարող են նպաստել աճի պահպանմանը: Մասնավորապես դատաիրավական համակարգի բարեփոխումները պետք է շարունակվեն, գործարար մթնոլորտը, որ ներառում է հարկային, մաքսային ոլորտների գործունեությունը, պետք է բարելավվի: Այս ամենը պահանջում է ինստիտուցիոնալ բարեփոխումների որոշակի աստիճան, ինչը ժամանակի խնդիր է»:

Խոսելով հայկական դրամի արժեւորման մասին` Ռոջեր Ռոբինսոնը ասաց, թե վստահ է, որ դա արհեստածին չէ. - «Մենք չենք կարծում, որ իշխանությունները որեւէ կերպ փորձել են արհեստականորեն արժեւորել դրամը: Հայաստանն ունի շատ բաց տնտեսություն: Արտարժույթի շուկան շատ ազատ է: Վերջին տարիներին Հայաստան արտարժույթի մեծ հոսք կա սփյուռքից, ինչը, մասնավորապես, երեւում է շինարարության ոլորտում: Ես կարծում եմ, որ արտարժույթի շուկան արտացոլում է արտարժույթի իրական հոսքը երկիր»:

«Ես չգիտեմ, թե որքան կարող է ավելի արժեւորվել դրամը, եւ որեւէ տնտեսագետ չի կարող պատասխանել այդ հարցին: Որովհետեւ, եթե դա կարգավորվում է շուկայական գործոններով, ուրեմն դա շուկան է որոշում», - եզրափակեց նա:


Աննա Սաղաբալյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG