Մատչելիության հղումներ

Հայաստանն ու Բելառուսը ստորագրել են մի շարք համաձայնագրեր


Պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Բելառուսի վարչապետ Սերգեյ Սիդորսկին այսօր, նախագահ Քոչարյանի հետ հանդիպումից հետո, բանակցություններ վարեց վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հետ: Հայաստանի եւ Բելառուսի կառավարության անդամները ստորագրեցին մի շարք համաձայնագրեր:

Փաստաթղթերի ստորագրումից հետո հրավիրված համատեղ ասուլիսում Հայաստանի վարչապետը ասաց. - «Պետք է ստեղծել այնպիսի մթնոլորտ, այնպիսի հիմք, որ մեր գործարար շրջանակները եւ տեղական ինքնակառավարման մարմինները կարողանան հորիզոնական աշխատել միմյանց հետ»:

«Ամենագլխավորը գյուղատնտեսական մեքենաների հետագա շահագործման հարցն է», - հավելեց Մարգարյանը: - «Որոշվեց ստեղծել ծառայություններ ե’ւ պահեստամասերի արտադրության համար, ե’ւ երկրորդային շուկայում գտնվող գյուղատնտեսական մեքենաների ներմուծումը Հայաստան կազմակերպելու համար»:

Անդրանիկ Մարգարյանն իր գոհունակությունը հնչեցրեց Բելառուսի հետ համագործակցության մակարդակի կապակցությամբ. - «Համագործակցությունը երկու կառավարությունների, երկու պետությունների միջեւ շատ հաջող է գնում: Ես շատ բավարարված եմ այսօրվա մեր բանակցություններով»:

Համագործակցության մակարդակը գոհացնում է նաեւ Բելառուսի վարչապետին: Սիդորսկին նշեց, որ «Բելառուսը միջազգային հարցերում սատարում է Հայաստանին, եւ իրենք էլ շնորհակալ են, որ Հայաստանն էլ միջազգային ատյաններում իրենց է աջակցում»:

Կառավարությունների ղեկավարները կարեւորել եւ հեռանկարային են համարում տեղեկատվական տեխնոլոգիաների, դեղագործության, գյուղատնտեսության, էներգետիկայի, ադամանդագործության եւ ոսկերչության ու մի շարք այլ ոլորտներում համագործակցության զարգացումը:

«Ապրանքաշրջանառությունը մեր երկրների միջեւ ընթացիկ տարվա հունվար – հուլիս ամիսներին հասել է ամբողջ նախորդ տարվա ցուցանիշին», - ասաց Սերգեյ Սիկորսկին` նշելով, որ ապրանքաշրջանառության աճը անցած տարվա համեմատ կազմել է 37 տոկոս:

Դա, անշուշտ, բավարար չհամարելով` երկու երկրների կառավարության ղեկավարները քննարկել են հետագայում համագործակցությունը ընդլայնելու եւ խորացնելու հարցերը:


Շաքե Ավոյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG