Մատչելիության հղումներ

Պատգամավոր Հակոբ Հակոբյանի մասնակցությամբ միջադեպի գործով կալանավորվել է եւս 7 կասկածյալ


Հոկտեմբերի 8-ին Արարատի մարզի Հովտաշատ համայնքում տեղակայված «Հայռուսգազարդ» ընկերության գազաբաշխիչ կայանում տեղի ունեցած միջադեպին մասնակցած խմբի անդամներից եւս 7–ին մեղադրանք է առաջադրվել, նրանք կալանավորվել են:

Նրանց նկատմամբ մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 258 հոդվածի հատկանիշներով՝ խուլիգանական արարք զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ:

Դեպքից անմիջապես հետո, գլխավոր դատախազության տարածած հաղորդագրության համաձայն, ձերբակալվել էին Ազգային ժողովի պատգամավոր Հակոբ Հակոբյանը, ով 72 ժամ անց ազատ արձակվեց, սակայն Հովտաշատում ծեծկռտուքին մասնակցած Հակոբյանի թիկնազորի ղեկավար Լեւոն Բարսեղյանի, գազալիցքավորման կետերի աշխատակիցներ Դերենիկ Ներսիսյանի եւ Խաչիկ Հայրապետյանի նկատմամբ, ձերբակալության 72 ժամը լրանալուց հետո, խուլիգանության հատկանիշներով մեղադրանք է առաջադրվել, նրանց կալանավորել են:

Ավելի ուշ կալանավորվել են «Գովասան» ընկերության տնօրեն, Ազգային ժողովի պատգամավոր Հակոբ Հակոբյանի քենակալ` Արմենակ Վարդանյանը, Բաբկեն Սերոբյանը, Վարազդատ Եղիազարյանը, Արթուր Սիմոնյանը:

Գլխավոր դատախազության մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանի փոխանցմամբ, հոկտեմբերի 20-ից հետախուզման մեջ է Հակոբ Հակոբյանի որդին` Արմեն Հակոբյանը, ում եւս մեղադրանք է առաջադրվել զենքի գործադրմամբ խուլիգանական արարք կատարելու հատկանիշներով:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG