Մատչելիության հղումներ

Լոս Անջելեսում անցկացվել է Ամերիկայի ադրբեջանցի երիտասարդության առաջին համաժողովը


Ամերիկայի ադրբեջանցի երիտասարդության առաջին համաժողովը շաբաթ օրը անցկացվել է Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանում (UCLA):

Ինչպես հաղորդում է ադրբեջանական day.az ինտերնետային պարբերականը, միջոցառումը կազմակերպել էր Կալիֆորնիայի ադրբեջանա-ամերիկյան խորհուրդը (AACC)՝ Լոս Անջելեսում Ադրբեջանի գլխավոր հյուպատոսության աջակցությամբ:

Միջոցառման մասնակցում էին ԱՄՆ-ի ադրբեջանական համայնքի երիտասարդ առաջնորդները, որոնք հավաքվել էին ամերիկյան բոլոր նահանգներից:

Համաժողովի լեյտմոտիվն են դարձել համախմբումը եւ ջանքերի համակարգումը՝ ստեղծելու համար Ադրբեջանի դրական կերպար եւ առաջ մղելու Ադրբեջանի ազգային շահերը: Քննարկվել են նաեւ աշխարհաքաղաքական, էներգետիկայի, տնտեսության, մշակույթի եւ կրթության ոլորտների հարցեր:

«Սա նման մակարդակի եւ մասշտաբի առաջին իրադարձությունն է ԱՄՆ-ում, եւ ինձ անչափ ուրախացնում է, որ հաջողվեց այն անցկացնել Լոս Անջելեսում, որտեղ, ինչպես հայտնի է, ակտիվորեն գործում է մեծաքանակ հայկական սփյուռք», - հայտարարել է Կալիֆորնիայի ադրբեջանա-ամերիկյան խորհրդի գործադիր տնօրեն Ջավիդ Հուսեյնովը:

Լոս Անջելեսում Ադրբեջանի գլխավոր հյուպատոս Էլին Սուլեյմանովը, իր հերթին, ասել է, թե «ինչպես համաժողովի անցկացումը, այնպես էլ ադրբեջանական սփյուռքի ամրապնդումը արտացոլում են միջազգային հարաբերություններում Ադրբեջանի աճող դերը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG