Մատչելիության հղումներ

logo-print

Մամուլի տեսություն


(շաբաթ, 21-ը հոկտեմբերի)

«Հայկական ժամանակ»֊-ը շաբաթ օրը ավարտել է Հայաստանի արտգործնախարարի հետ ծավալուն հարցազրույցի տպագրումը: Անդրադառնալով ղարաբաղյան բանակցություններին՝ Վարդան Օսկանյանը հայտնում է. ֊- «Այն, ինչի շուրջ մենք այսօր բանակցում ենք, դա փաթեթային մոտեցում է՝ փուլային կիրառմամբ: Դա նշանակում է, որ հենց որ փուլերը սկսում ես, հաջորդը գիտես, թե ուր է տանելու, ժամանակի ընթացքում լուծվում է: Բայց 1997 թվականինը՝ առաջին փուլը արվում էր, շարունակությունը չէր երեւում»:

Իսկ ահա թե ինչ է գրում Վարդան Օսկանյանի մասին «168 ժամ» թերթը. -«Պարոն Օսկանյանը չի ժխտում 2008 թվականի նախագահական ընտրություններում իր թեկնածությունն առաջադրելու լուրը: Իսկ սա մտահոգիչ է: Վարդան Օսկանյանի համար, բոլոր դեպքերում, Հայաստանը պակաս կարեւոր է, քան ԱՄՆ֊-ը, որի քաղաքացիներն են իր կինը եւ երեխաները: Իսկ հայ մարդն ամեն ինչ անում է իր երեխաների համար, եւ բացառություն չէ նաեւ Վարդան Օսկանյանը: Այս պարագայում Վարդան Օսկանյանն ինչ անում է իր ընտանիքի համար, ստացվում է՝ ԱՄՆ֊-ի քաղաքացի իր ընտանիքի ու, ի վերջո, ԱՄՆ֊-ի համար է անում: Չմոռանանք նաեւ այն, որ Վարդան Օսկանյանն էս գլխից արդեն ունի իր վերջնական հանգրվանը, իսկ այդ դեպքում՝ Հայաստանն արդեն այնքան էլ կարեւոր չէ»:

Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը, «Հայոց Աշխարհ»֊-ում անդրադառնալով Հայաստանի որոշ քաղաքական գործիչների պնդումներին, թե Հայաստանը պետք է փոխի իր արտաքին կողմնորոշումը եւ այդքան մեծ տեղ չտա Ռուսաստանի հետ հարաբերություններին, վերլուծում է. -֊ «Արտաքին կողմնորոշումը փոխելու մասին խոսելուց առաջ նախ պետք է ծանրութեթեւ անել՝ իսկ ո՞րն է դրա գինը: Ղարաբա՞ղը: Գուցե Ղարաբաղի մի մա՞սը եւ Զանգեզուրի կե՞սը: Կամ՝ թերեւս, Հայաստանի էներգետիկ անվտանգությո՞ւնը, սահմանների անձեռնմխելիությո՞ւնը, արտաքին ագրեսիայից պաշտպանված լինելու զգացողությո՞ւնը, որ մարդիկ ունեն, որովհետեւ ինչ֊-որ տեղ՝ Գյումրիում, ծածանվում է Ռուսաստանի դրոշը: Մենք պատրա՞ստ ենք սա զոհաբերել՝ հանուն Արեւմուտքի «հովանավորությունից» ակնկալվող ինչ-֊ինչ անորոշ հեռանկարների»:

«Ժամանակ Երեւան»֊-ը, կասկածի տակ առնելով Ղարաբաղի նախագահ Արկադի Ղուկասյանի վերջերս արած հայտարարությունն այն մասին, թե Սահմանադրության ընդունումից հետո ինքը չի պատրաստվում կրկին առաջադրել իր թեկնածությունը նախագահի պաշտոնում, միաժամանակ հարց է տալիս՝ ովքե՞ր կարող են լինել Լեռնային Ղարաբաղի նախագահի հավակնորդներ, եթե մի պահ պատկերացնենք, որ Արկադի Ղուկասյանը չի առաջադրվելու: «Այդ խնդրի շուրջ, - գրում է թերթը, - կարելի է խոսել՝ դատելով անցկացված սոցիոլոգիական հարցումներից: Առաջին հարցումը 150 արցախցիների շրջանում անցկացրել է «Բաց հասարակություն» կազմակերպությունը: Հարցաթերթիկում ընդգրկված 14 թեկնածուներից առավել ձայն է ստացել Լեռնային Ղարաբաղի խորհրդարանի խոսնակ Աշոտ Ղուլյանը, որը համարվում է Արկադի Ղուկասյանի պաշտոնական իրավահաջորդը: Մյուս հարցումն անց է կացրել նույն հասարակական կազմակերպությունը «Ստեփանակերտի մամուլի ակումբի» հետ համատեղ: Ի տարբերություն նախորդի, այս հարցումը եղել է փորձագիտական. մասնակցել են 16 փորձագետներ՝ 4֊-ը Հայաստանից, 12-֊ը՝ Ղարաբաղից: Առավել շատ ձայն ստացել է Լեռնային Ղարաբաղի արտգործնախարարի տեղակալ Մասիս Մայիլյանը, երկրորդը՝ Ազգային անվտանգության պետվարչության պետ Բակո Սահակյանն է: Երրորդը Արկադի Ղուկասյանն է, ինչը նշանակում է, որ փորձագետները հակված են կասկածելու Ղուկասյանի անկեղծությանը»:

Եվ, վերջապես, «Չորրորդ իշխանություն»֊ը տպագրել է «Օրենք Ռուսաստանի մասին». - «Հոդված առաջին՝ Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական գործընկերն է: Հոդված երկրորդ՝ Որեւէ այլ ռազմավարական գործընկեր ունենալու համար Ռուսաստանի գրավոր համաձայնությունը պարտադիր է: Հոդված երրորդ՝ Ռուսաստանը ա. Թանկացնում է Հայաստանի գազը՝ երբ ցանկանա եւ ինչքան ցանկանա, բ. Փակում է Հայաստան մտնող ճանապարհները՝ երբ ցանկանա եւ որքան ժամանակով ցանկանա, գ. Վերցնում է Հայաստանին պատկանող գույքը՝ երբ ցանկանա եւ ինչ գնով ցանկանա, դ. Քսի է տալիս Հայաստանին՝ երբ ցանկանա եւ ում վրա ցանկանա»:


Արմեն Դուլյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG