Մատչելիության հղումներ

Հունգարիան նշում է խորհրդային կայսրության դեմ խռովությունների 50-ամյակը


Հունգարիայում այսօր նշվում է խորհրդային կայսրության դեմ խռովությունների 50-րդ տարեդարձը:

Կես դար առաջ հազարավոր հունգար ուսանողներ դուրս եկան Բուդապեշտի կենտրոն հակախորհրդային բողոքի ցույցի: Մի քանի ժամվա ընթացքում ցուցարարների թիվն անցավ 200 հազարից: Երեք շաբաթ անց խռովությունը դաժանորեն ճնշվեց խորհրդային բանակի կողմից, հազարավոր հունգարներ զոհվեցին:

Ցուցարարները 16 պահանջ էին ներկայացրել՝ սկսած խորհրդային զորամիավորումների դուրսբերումից մինչեւ ազատ ընտրություններ, տնտեսական համակարգի փոփոխում, տեղական կոմունիստ պաշտոնյաների հանցագործությունների համար պատիժ եւ այլն:

Բարեփոխական Իմրե Նաջին վարչապետ նշանակելը հաղթանակի նշան էր ընկալվում, թեեւ մայրաքաղաքում խորհրդային տանկեր կային: Բեկումը սկսվեց նոյեմբերի 1-ին, երբ Նաջը հայտարարեց, որ Հունգարիան դուրս կգա Վարշավյան պայմանագրից ու կդառնա չեզոք պետություն:

Իր վերջին ռադիոուղերձում նա ժողովրդին ասել էր. - «Խորհրդային զորամիավորումները հարձակում են սկսել Հունգարիայի մայրաքաղաքի վրա՝ ակնհայտ նպատակ ունենալով պաշտոնանկ անել երկրի ժողովրդավարական կառավարությանը: Մեր զորամիավորումները պայքարում են խորհրդային ուժերի դեմ: Կառավարությունն իր տեղում է»:

Արդեն մեկ շաբաթ անց 2500 հունգարներ ու 700 խորհրդային զինվորներ զոհվեցին, 200 հազար հունգարներ փախան երկրից, գաղտնի դատավարությունից հետո 1958 թվականին Նաջը մահապատժի ենթարկվեց:

Այսօր աշխարհի 56 պաշտոնյա է հրավիրված Հունգարիա՝ Բուդապեշտում կայանալիք արարողությանը: Տեղի է ունենալու նաեւ ստալինիզմի զոհերի հուշարձանի բացման արարողությունը:

Այս գիշեր Բուդապեշտի ոստիկանությունը խորհրդարանի առջեւ գտնվող Կոշուտի հրապարակից դուրս է մղել ցուցարարներին, որոնք արդեն մի քանի շաբաթ պահանջում են կառավարության հրաժարականը: Տեղի իշխանությունները հավաստիացրել են, որ հանդիսավոր արարողության ավարտից հետո ցուցարարներին թույլ կտրվի վերադառնալ հրապարակ:


Աննա Կարապետյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG