Մատչելիության հղումներ

Հանդիպել են Հայաստանի եւ Ադրբեջանի պաշտպանության նախարարները


Հոկտեմբերի 20-ին հայ-ադրբեջանական սահմանագծի Իջեւան-Ղազախ հատվածում տեղի է ունեցել Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի եւ Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւի հանդիպումը:

Ըստ Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Սեյրան Շահսուվարյանի տարածած հաղորդագրության, նախարարների հանդիպումը տեղի է ունեցել Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի առաջարկով` «կողմերի միջեւ փոխադարձ վստահության մեծացմանն ուղղված միջոցների շրջանակում»:

«Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկուստեք հետաքրքրություն ունեցող, մասնավորապես, սահմանի վերահսկմանն ու հրադարի պահպանմանն առնչվող հարցեր», - ասված է հաղորդագրությունում:

Չի հաղորդվում, թե արդյոք հանդիպման ընթացքում ձեռք է բերվել որեւէ պայմանավորվածության:

«Հայտարարությանն ավելացնելու որեւէ բան չունեմ», - «Ազատություն» ռադիոկայանի հարցմանն ի պատասխան ասաց գնդապետ Սեյրան Շահսուվարյանը` հավելելով ընդամենը, որ հանդիպմանը ներկա չի եղել Կասպրշիկը կամ ԵԱՀԿ որեւէ այլ ներկայացուցիչ:


Էմիլ Դանիելյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG