Մատչելիության հղումներ

logo-print

ՀՀՇ վարչության նախագահը չի բացառում Տեր-Պետրոսյանի առաջադրումը 2008-ի նախագահական ընտրություններում


Նախկին իշխանական կուսակցության` Հայոց Համազգային շարժման (ՀՀՇ) բարձրաստիճան ներկայացուցչի կարծիքով, Հայաստանի նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը որպես թեկնածու կառաջադրվի 2008 թվականի նախագահական ընտրություններում:

«Տեր-Պետրոսյանը, կարծում եմ, նախագահական ընտրությունների ժամանակ անպայման մասնակից կլինի: Դա իմ կարծիքն է, բնականաբար: Համոզված եմ` որպես թեկնածու: Եվ սա ամբողջությամբ կփոխի այն իրավիճակը, որը առկա է Հայաստանում», - լրագրողներ հետ հանդիպման ժամանակ ուրբաթ օրը ասաց ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանը:

ՀՀՇ վարչության նախագահը հարկ համարեց մեկ անգամ էլ ընդգծել, որ դա իր անձնական տպավորությունն է` հավելելով, որ ՀՀՇ-ն, ամեն դեպքում, նախագահական ընտրությունների կգնա սեփական թեկնածուով:

Նա կրկնեց արդեն բազմիցս հնչեցվածը, թե ընդդիմության հիմնական խնդիրը պետք է լինի այն ճանապարհը գտնելը, որով կհաջողվի ազատվել գործող վարչախմբից եւ «թույլ չտալ [իշխանության] վերարտադրությունը` լինի դա Վարդան Օսկանյան թե Սերժ Սարգսյան տարբերակով»:

2007 թվականի խորհրդարանական ընտրություններին, ըստ Զուրաբյանի, 7 հազար անդամ ունեցող ՀՀՇ-ն կմասնակցի, հավանաբար, դաշինքով: Հնարավոր դաշնակիցներից նշվեցին «Հանրապետություն» եւ Ազատական-առաջադիմական կուսակցությունները` չբացառելով համագործակցությունը «գործող վարչակազմի դեմ պայքարող որեւէ քաղաքական ուժի հետ»:


Աննա Սաղաբալյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG