Մատչելիության հղումներ

Եվրամիության ներկայացուցիչը Թուրքիային կոչ է անում չշահարկել ֆրանսիական օրինագիծը խոսքի ազատության սահմանափակումներն արդարացնելու համար


«Թուրքիան պետք է ձեռնպահ մնա Հայոց ցեղասպանության վերաբերյալ ֆրանսիական խորհրդարանի ընդունած օրինագիծը որպես երկրի ներսում խոսքի ազատության սահմանափակումները պահպանելու արդարացում օգտագործելուց», - հայտարարել է Անկարայում Եվրամիության ներկայացուցիչ Հանս-Յորգ Քրեչմերը:

«Ռոյթերզ» գործակալությանը երեկ տված հարցազրույցում Քրեչմերն ընդգծել է, որ «ֆրանսիական օրինագիծն արգելում է կոնկրետ մեկ հայտարարություն անելը, այսինքն՝ թե ցեղասպանություն չի եղել, մինչդեռ [Թուրքիայի քրեական օրենսգրքի] 301-րդ հոդվածը օգտագործվում է հիմնական քաղաքական հարցերով հրապարակային բանավեճերը կանխելու համար»:

Թուրք քաղաքական գործիչներից ոմանք պնդում են, թե Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատիժ սահմանող օրինագծի ընդունումը Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից Եվրամիությանը զրկում է Անկարայից բարեփոխումներ պահանջելու իրավունքից: Մասնավորապես, նրանց համոզմամբ, Եվրամիությունը բարոյական իրավունք չունի պահանջել Թուրքիայի քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածի վերացումը կամ փոփոխումը, որով քրեական պատիժ է նախատեսված «թուրքական ինքնությունը վիրավորելու» համար:

Հիշյալ հոդվածով դատարանի առջեւ են կանգնել մի շարք թուրք մտավորականներ, այդ թվում գրականության բնագավառում այս տարվա Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկը, գրող Էլիֆ Շաֆաքը, Ստամբուլի «Ակոս» թերթի խմբագրապետ Հրանտ Դինքը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG