Մատչելիության հղումներ

Շարլ Ազնավուր. «Օրենքը պետք է վերաբերեր բոլոր հանցագործություններին, այլ ոչ թե միայն Հայոց ցեղասպանությանը»


Ֆրանսահայ աշխարհահռչակ շանսոնյե Շարլ Ազնավուրը վերապահումով է վերաբերում Հայոց ցեղասպանության ուրացման համար քրեական պատիժ սահմանող օրինագծի ընդունմանը Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից:

Ազնավուրը կարծիք է հայտնել, որ «ժխտողականության դեմ օրենքը պետք է ընդունվեր բոլոր հանցագործությունների, այլ ոչ թե միայն հայերի դեմ գործածի համար, քանի որ հակառակ դեպքում դա տարօրինակ տպավորություն է թողնում»:

«Հիացած եմ, որ այդ մասին մտածեցին, սակայն, այնուհանդերձ, ինչպես տեսնում եք, որոշակի վերապահում ունեմ, քանի որ ինձ մոտ տպավորություն կա, թե մոռացել են այլ ցեղասպանությունները», - «Ֆրանսպրես» գործակալության փոխանցմամբ, հայտարարել է 82-ամյա շանսոնյեն:

Թուրք գրող Օրհան Փամուկին գրականության բնագավառում այս տարվա Նոբելյան մրցանակի շնորհման կապակցությամբ Շարլ Ազնավուրը հայտարարել է, թե շատ ուրախ է, «որ հեռավոր մի հեղինակ արժանացավ այդ պատվին»:

«Մյուս կողմից, չեմ կարող ուրախ չլինել, որ դա հենց նա է, քանի որ նա, հակառակ ամեն ինչին, արդարացիորեն արծարծում է Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու հնարավորությունը», - հավելել է Ազնավուրը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG