Մատչելիության հղումներ

Լիբանան է մեկնում թուրք խաղաղապահների հիմնական կոնտինգենտը


Թուրք խաղաղապահների հիմնական կոնտինգենտը՝ ռազմական ինժեներների 261-հոգանոց զորախումբը, այսօր մեկնում է Լիբանան՝ միանալու այդ երկրում ՄԱԿ-ի կողմից իրականացվող խաղաղապահ առաքելությանը:

Ինչպես հաղորդում է «Ֆրանսպրես» գործակալությունը, թուրքական զորախումբը, որում ընդգրկված է 237 զինվոր եւ 24 քաղաքացիական անձ, տեղակայվելու է Լիբանանի հարավում՝ Տիր նավահանգստային քաղաքից 7,5 կիլոմետր հեռավորության վրա գտնվող մի ավանում:

Թուրք ռազմական ինժեներները պետք է կատարեն, հիմնականում, ճանապարհների եւ կամուրջների վերականգնման աշխատանքներ:

Գերմանիայի հրամանատարության տակ Լիբանանի ափը հսկող ռազմածովային ուժերի կազմում արդեն իսկ ընդգրկված է թուրքական մի ռազմանավ: Թուրք ինժեներների մի փոքր խումբ Լիբանան էր ժամանել դեռ հոկտեմբերի 10-ին:

Թուրքիան առաջին մահմեդական երկիրն է, որը մասնակցում է Լիբանանում ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելությանը:

Սփյուռքահայ շրջանակները եւ, առաջին հերթին, լիբանանահայ համայնքը, խիստ բացասական են արձագանքել Լիբանանում թուրք խաղաղապահների տեղակայմանը՝ դա թույլ չտալու պահանջով դիմելով, մասնավորապես, ԱՄՆ-ի, Լիբանանի, ինչպես նաեւ ՄԱԿ-ի ղեկավարությանը:

Տիր քաղաքում, ուր պատրաստվում են մեկնել թուրք խաղաղապահները, հայ համայնք չկա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG