Մատչելիության հղումներ

logo-print

Այսօր Եվրամիության ղեկավարները կհանդիպեն Ռուսաստանի նախագահի հետ


Ֆինլանդիայի Լահթի ավանում երեկվանից սկսվել է Եվրոպական միության ոչ պաշտոնական գագաթնաժողովը: Այսօր Լահթիում տեղի կունենա Եվրամիության ղեկավարների հանդիպումը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Նախապես հայտնի էր, որ կողմերը քննարկելու են էներգետիկայի հարցեր, սակայն վերջին օրերին եվրոպական մայրաքաղաքներում հնչել է Պուտինի հետ բանակցություններում նաեւ մարդու իրավունքների թեման արծարծելու պահանջը:

Առավել խիստ տրամադրված քաղաքական գործիչներից մի քանիսը նույնիսկ ասել են, թե ընդհանրապես պետք չէր Պուտինին հրավիրել Լահթի, որովհետեւ հրավերն ու ճաշի սեղանի շուրջ հավաքվելն ակամա դիտվում են որպես Պուտինի վարած քաղաքականության հավանություն:

Այս երեքշաբթի Լյուքսեմբուրգում Եվրամիության արտաքին գործերի նախարարները քննադատել են Ռուսաստանին, մասնավորապես, Վրաստանի հանդեպ ձեռնարկած քայլերի համար: Ֆինլանդիայի վարչապետ Մաթի Վանհանենը խոստացել է Պուտինի հետ զրույցում անդրադառնալ նաեւ լրագրող Աննա Պոլիտկովսկայայի սպանության թեմային:

Եվրոպացի մեկնաբաններից շատերը համոզված են, որ Եվրամիության ղեկավարները ոչ մի դեպքում չեն փորձի սրել հարաբերությունները Մոսկվայի հետ:

«Եվրամիությանը պետք է Ռուսաստանը որպես էներգետիկայի հարցում վստահելի եւ հուսալի գործընկեր, մեր համագործակցությունից երկու կողմն էլ շահում է», - Լահթիում կայանալիք հանդիպման նախօրեին ասել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզոն:

DPA լրատվական գործակալությունը նշում է, որ Եվրամիության եւ Ռուսաստանի փոխադարձ առեւտրի ծավալը 2003 թվականին կազմել է 85 միլիարդ եվրո կամ 107 միլիարդ դոլար: Եվրոպացիներին ռուսների վաճառած հիմնական ապրանքը էներգակիրներն են:

Ռուսաստանի եւ Եվրոպական միության պաշտոնական գագաթնաժողովը տեղի կունենա այս տարվա նոյեմբերի 24-ին:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG