Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Հայկական ժամանակ»-ը իր խմբագրականով ընթերցողին իրազեկում է, որ Երեւանի Պուշկին-Աբովյան փողոցների խաչմերուկում կառուցված «էլիտար» երկնաքերի դե յուրե սեփականատերը Հ2 հեռուստաընկերության նախագահն է` Սամվել Մայրապետյանը, որը նաեւ Երեւանի բժշկական համալսարանի ռեկտոր Գոհար Քյալյանի ամուսինն է: «Սա՝ դե յուրե», - գրում է թերթը, - «Իսկ դե ֆակտո, այս շենքի սեփականատիրական իրավունքի թելերը ձգվում են մինչեւ ՀՀ նախագահի նստավայր»: «Շենքի շինարարությունը գրեթե ավարտվել է, եւ հասել է մտածելու ժամանակը` իսկ որտե՞ղ են կայանելու շենքում բնակարաններ գնած մարդկանց մեքենաները: Մտածել, մտածել ու գլխի են ընկել: Մեքենաների համար կայանատեղի ստեղծելու համար կարելի է ոչնչացնել հարեւանությամբ գտնվող Պուշկինի թիվ 3 շենքի դիմացի փոքրիկ պուրակը», - գրում է «Հայկական ժամանակ»-ը եւ տեղեկացնում, որ «Սամվել Մայրապետյանը իր այդ փայլուն գաղափարով դիմել է Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանին»: Վերջինս էլ, թերթի բնորոշմամբ, «շուստրի» լուծում է գտել: Պուշկինի 3 շենքում է բնակվել մեծանուն արձակագիր Հրանտ Մաթեւոսյանը. - «Քաղաքապետը գլխի է գցել «էլիտարի» սեփականատիրոջը` արձակագրի հարազատներին դիմել մի առաջարկությամբ՝ քանդել այգին, կառուցել ստորգետնյա ավտոկայանատեղի, իսկ վրան դնել Հրանտ Մաթեւոսյանի հուշակոթողը: Սրանով, ըստ քաղաքապետի, կարելի կլինի խուսափել մեծ աղմուկից կամ, ծայրահեղ դեպքում, շրջակա շենքերի բնակիչների դժգոհությունն ուղղել Մաթեւոսյանների ընտանիքի դեմ»:

«Իրավունք»-ի տեղեկություններով, այս օրերին գլխավոր դատախազությունում ոչ միայն հանվել են տարիներ առաջվա քրեական գործերի նյութերը Ազգային ժողովի պատգամավոր Հակոբ Հակոբյանի վերաբերյալ, որոնք այս կամ այն պատճառով ընթացք չեն ստացել, «այլեւ ուսումնասիրվում են բոլոր այն գործերը, որոնց միջով ուղղակի կամ անուղղակի կերպով անցնում են Հակոբյանը կամ նրա մերձավորները»: Թերթի՝ դատախազությանը մոտ կանգնած աղբյուրները հնարավոր են համարել, որ «առաջիկայում ՀՀ գլխավոր դատախազը Հակոբյանի նկատմամբ խափանման միջոց կալանք ընտրելու միջնորդությամբ դարձյալ մտնի ԱԺ»:

«Չորրորդ իշխանություն»֊-ը կարծիք է հայտնում.֊ - «Սերժ Սարգսյանը շատ լավ գիտի, որ Հայաստանում նախագահ ընտրվելու ոչ մի շանս չունի. հասարակությունը ոչ մի դեպքում եւ ոչ մի պայմանով նրան ձայն չի տա: Այո, Հայաստանում Սերժ Սարգսյանին ոչ մի փի֊առ ակցիա չի փրկի. նա կարող է անիմաստ ժպիտով նկարահանվել տանկերի ֆոնի վրա, հայ շախմատիստներին հետեւը գցած շրջել գյուղեգյուղ, խելացի մտքեր հայտնել պետության զարգացման հեռանկարների մասին եւ այլն: Անօգուտ զբաղմունք է: Միեւնույն է՝ հայ հասարակության համար նա շարունակելու է մնալ «Սերժիկ», որն իրադարձությունների բերումով հսկայական ազդեցություն եւ լծակներ է ձեռք բերել, բայց որը, միեւնույն է, ոչ մի կերպ նախագահի պաշտոնի «չի ձգում»:

Իսկ «Իրավունք»֊-ը ավելացնում է.֊ - «Ռուսաստանի ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն, Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը, գտնվելով Հայաստանում, հաստատեց, որ Մոսկվայում իրոք Սերժ Սարգսյանին նվիրել է «ռուլետկա»: Ճիշտ է, նա ասաց, որ դա կատակով արված նվեր էր, բայց, այնուամենայնիվ, դրանից այդ նվերի նմաստը չի փոխվում»:

«Օրինաց երկիր» թերթը գրում է. - «Հայաստանում փաստորեն ամրապնդվում են ֆեոդալական կարգերը. Ավանում թաղապետ է դառնում վարչապետի որդին, Աջափնյակում՝ դատախազի եղբայրը: Մամուլը տեղեկացնում է, որ Արարատի նոր մարզպետ է դառնալու տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանի եղբայր Ջոնիկը, որը, սակայն, մարզպետությունից այնքան հեռու է, որքան, ժողովրդի լեզվով ասած, խոզը մարզադաշտից»:

«Արարատի մարզի Արտաշատ քաղաքում վերջին մի քանի ամիսներին երկու նոր օբյեկտ է կառուցվել, երկուսն էլ պատկանում են մարզպետին՝ Ալիկ Սարգսյանին», - գրում է «Առավոտ»-ը: Թերթի թղթակցի հետ զրույցում մարզպետը խոստովանել է, որ հոյակերտ օբյեկտներն իրեն են պատկանում եւ ավելացրել.֊ - «Միայն լավ գործեր եմ անում, ուրիշի հետ փայի մեջ չեմ մտնում, չեմ քանդում, չեմ ավիրում՝ սարքում եմ: Մարզում կարող եք գալ պտտվել, ինչ լավ բան կտեսնեք՝ իմ արածն է, իմ անվան հետ է կապված: Հասարակ մի բան՝ այդ նույն օբյեկտը ես կարող էի Երեւանում բացել, հաստատ պրոբլեմ չէի ունենա, ես այդ հնարավորությունն ունեի, բայց բացեցի Արտաշատում»:

«Տիգրան Կարապետյանի «Ժողովրդական կուսակցությունը» վերածվել է տուրիստական բյուրոյի, իսկ ԱԼՄ նախագահն էլ՝ էքսկուրսավարի», - գրում է «Հայք»-ը: - «Իր հեռուստատաղավարում հյուրընկալվածներին հեռուստացույցներ եւ այլ կենցաղային տեխնիկա նվիրելուց բացի, Տիգրան Կարապետյանը հատկապես սոցիալական անապահով քաղաքացիների համար էքսկուրսիաներ է կազմակերպում հանրապետության տարբեր մարզերով: Զարմանալի զուգադիպությամբ, Կարապետյանի այս քայլերին է հետեւում նաեւ Գագիկ Ծառուկյանը: Այն տարբերությամբ, որ նրա ղեկավարած «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը զբաղված է գյուղացիներին կարտոֆիլի սերմնացու բաժանելով եւ քաղաքացիների համար համերգներ կազմակերպելով:


Արմեն Դուլյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG