Մատչելիության հղումներ

Ընտրական օրենսգրքի փոփոխությունները Աժ-ն կքննարկի հաջորդ շաբաթ սկսվող քառօրյայում


Հայաստանի Հանրապետության Ընտրական օրենսգրքում մի քանի տասնյակ փոփոխությունները, առաջին ընթերցմամբ ընդունվելու համար, Ազգային Ժողովում կքննարկվեն այս երկուշաբթի բացվող քառօրյայում, իսկ ամբողջովին կընդունվեն մինչեւ դեկտեմբեր:

Մի քանի ամիս տեւած քննարկումներից հետո խորհրդարանի բոլոր ուժերի ներկայացուցիչներից կազմված աշխատանքային խումբն այսօր Ազգային Ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանի աշխատասենյակում ընդունեց այդ որոշումը՝ ընդհանուր փոխհամաձայնության չբերելով միայն վեց հարց. դրանց մի մասը նախագծում ներառվել են ընդդիմադիր, մյուս մասը՝ մեծամասնության պատգամավորների ձեւակերպումներով:

Այսպես, այդ ձեւակերպումների համաձայն, ընտրողների մատները քվեարկությունից հետո չեն թանաքոտվում, տեսագրվում է միայն քվեաթերթիկները հաշվելու փուլը, շրջիկ քվեատուփեր լինելու են, ընտրական հանձնաժողովների անդամներին կուսակցությունը հետ կանչելու իրավունք չունի, Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ընտրողների մասնակցության ամփոփ թիվը հրապարակում է քվեարկության ավարտից ուղիղ հինգ ժամ անց:

Ընդդիմության ներկայացուցիչները սկզբունքային այլ առաջարկներ էլ ունեն, որոնց քննարկումը նախագծի մշակման ընթացքում նպատակահարմար չհամարեցին մեծամասնության պատգամավորները. խորհրդարանում հարյուր տոկոս համամասնական տեղեր, ընտրական հաձնաժողովների ձեւավորման առավել հավասարակշռված կարգ, դատավորների անդամության (ընտրական հանձնաժողովներում) բացառում:

«Արդարություն» խմբակցությունն այս նկատառումներով իր հեղինակային ստորագրությունը հետ էր կանչել նախագծից եւ դադարեցրել աշխատանքային խմբի քննարկումներին իր մասնակցությունը:

«Բայց Ազգային Ժողովի նիստերի դահլիճում քննարկումներին («Արդարություն» խմբակցությունը) կմասնակցի», - «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց խմբակցության քարտուղար Գրիգոր Հարությունյանը:

Նոյեմբերի 7-ին Սահմանադրական դատարանը քննելու է ընդդիմադիր պատգամավորների հայցը, թե արդյո՞ք Սահմանադրությանը համապատասխանում է դատավորների՝ ընտրական հանձնաժողովների անդամ լինելու իրավունքը:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG