Մատչելիության հղումներ

logo-print

Թուրքական հեռուստատեսությունը եւ ռադիոն կբոյկոտե՞ն ֆրանսիական ծրագրերը եւ ֆիլմերը


Թուրքիայում հեռարձակման վերահսկողության պետական կառույցը (RTUK) երկրի հեռուստաընկերություններին ու ռադիոընկերություններին առաջարկել է բոյկոտել ֆրանսիական ծրագրերը եւ ֆիլմերը՝ ի նշան Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից Հայոց ցեղասպանության համար քրեական պատիժ սահմանող օրինագծի ընդունման դեմ բողոքի:

Ինչպես չորեքշաբթի ուշ երեկոյան հրապարակված հայտարարությունում տեղեկացրել է RTUK-ը, կառույցի վարչության անդամները միակարծիք են եղել, որ թուրքական հեռուստաալիքներն եւ ռադիոկայանները պետք է խուսափեն ֆրանսիական ծրագրեր հեռարձակելուց, քանի դեռ Ֆրանսիան չի հրաժարվել Հայոց ցեղասպանության մասին օրենքից:

«Ռոյթերզ» գործակալության փոխանցմամբ, RTUK-ը Ֆրանսիայի Ազգային ժողովի քայլը որակել է որպես «մեծ անարդարություն, որը փչացրել է ֆրանս-թուրքական բարեկամությունը»:

Ի նշան Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատի ընդունած օրինագծի դեմ բողոքի՝ ֆրանսիական ապրանքները բոյկոտելու կոչ էին արել Թուրքիայի սպառողական կազմակերպությունները:

Թուրք պրոֆեսոր, Թուրքիայի բարձրագույն կրթության խորհրդի նախագահ Էրդողան Թեզիչն օրերս հայտարարել էր 2004 թվականին իր ստացած Պատվո լեգեոնի շքանշանը Ֆրանսիային վերադարձնելու մասին:

Ֆրանսիայի Ազգային ժողովի ընդունած օրինագծով մեկ տարի ազատազրկում եւ 45 հազար եվրո տուգանք է սահմանվում նրանց համար, ովքեր կհերքեն 1915-17 թվականներին Օսմանյան կայսրությունում հայերի դեմ գործադրված ցեղասպանության փաստը:

Օրինագիծը երկրի նախագահ Ժակ Շիրակի ստորագրելուց առաջ պետք է արժանանա Սենատի հավանությանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG