Մատչելիության հղումներ

Վազգեն Մանուկյան. «Մենք քաղաքացիական շարժման սեփականատերը չենք, մենք միայն նախաձեռնում ենք»


Հայաստանի առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանի հետ միասին Հայաստանում քաղաքացիական հասարակությանն արթնացնելուն միտված քաղաքացիական շարժում նախաձեռնած Հայաստանի նախկին վարչապետ, ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանի ներկայացմամբ, շարժման նպատակն այն է, որ «քաղաքացիները դառնան երկրի տերը»:

«Ես կարծում եմ, որ եւ Րաֆֆի Հովհաննիսյանի, եւ իմ անցած ուղին, այն, որ մենք 15 տարուց ավելի միշտ երեւում ենք քաղաքականության մեջ, առաջացնում է որոշակի վստահության մթնոլորտ, որի միջոցով հնարավոր կլինի հավաքել մեր հասարակությանը», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Վազգեն Մանուկյանը: - «Բայց մենք [մեզ] սեփականատերը չենք զգում այդ շարժման: Մենք նախաձեռնում ենք»:

«Մենք կուզենանք, որ հետո ոչ թե կուսակցական ինչ-որ հիերարխիկ համակարգ լինի», - շարունակեց ԱԺՄ նախագահը: - «Մենք ուզում ենք, որ քաղաքացիները դառնան երկրի տերը»:

Այսօրվա պայմաններում ընտրական գործընթացը, Մանուկյանի բնորոշմամբ, Հայաստանում հանգում է «իշխանությունների դեմ, խուժանությունների դեմ» պայքարին եւ բերում է պարտության` «ոչ թե իրական քվեներով, այլ արդյունքով»:

«Ենթադրենք, 2008, 2007 թվի ընտրությունների ժամանակ տեղի ունեցավ իշխանափոխություն», - շարունակեց նա: - «Էլի կասկածը մնում է, որ իշխանությունն արդեն կպատկանի այն մարդկանց, ովքեր վերցրեցին այդ իշխանությունը: Նորից ժողովրդին չի պատկանում»:

«Այդ շարժումը, որ մենք ուզում ենք ստեղծել, դա մնայուն մի բան է... Կամաց-կամաց Հայաստանում պետք է քաղաքացիների գիտակցությամբ, համակարգային փոփոխություններով, ինքնակազմակերպման նոր ձեւերով հասարակությունը կարողանա վերահսկել իշխանությանը նաեւ ընտրություններից ընտրություն ընկած ժամանակաշրջանում», - եզրափակեց Մանուկյանը:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG