Մատչելիության հղումներ

Բագրատ Եսայան. «Ընդունելության քննություններում շրջանառվող ստվերային գումարները զգալիորեն կկրճատվեն»


«Տոկոս, թիվ չեմ կարող ասել, բայց կարծում եմ, որ կոռուպցիան էականորեն նվազելու է: Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ նախկին համակարգով ընդունելության քննությունները իրենց մեջ մեծ կոռուպցիոն ռիսկեր էին պարունակում: Կարծում եմ, ամռանը, եթե նոր համակարգով հայոց լեզվի քննությունը ներդրվի, մեծ գումարներ այլեւս չեն շրջանառվի», - նշեց նա:

Հայոց լեզվի քննությամբ այսօր ավարտվեց Երեւանի եւ Արարատի մարզի տասներորդցիների շրջանում նոր քննական համակարգի վերջին փորձարկումը, ինչի արդյունքում առաջիկա ամսում կորոշվի մեկ քննություն այս տարի ներդրվելու՞ է,թե՞ ոչ:

Սակայն փորձարկումները ցույց են տալիս, որ կոռուպցիայի սողանցքերը քիչ չեն, եւ մեծ ցանկության դեպքում հնարավոր կլինի օգտվել «արտոնյալ» դիմորդների համար կիրառվող հայտնի մեթոդներից: Օրինակ՝ դահլիճում քննության կազմակերպիչները կարող են հանգիստ հուշել, թեեւ առարկայի մասնագետներ չեն լինելու, սակայն թեստերի պատասխաններն այնքան պարզ են, որ մեծ ցանկության դեպքում կարող է նաեւ ոչ մասնագետը հուշել՝ տեխնիկական հարցի պատասխանելու պատրվակով: Բացի այդ, ի տարբերություն գործող կարգի, նոր համակարգով մարզերի դիմորդները ընդունելության քննությունը հանձնելու են իրենց մարզերում, ինչն ավելի է հեշտացնում «աչքից հեռու» կամայականությունների հավանականությունը:

«Իհարկե, սողանցքեր կան, եւ դրանք ակնհայտ են: Բայց կարծում եմ, այդ սողանցքերը դիտավորյալ, հատուկ նպատակով չեն թողնվել: Ընդամենը տեխնիկական թերություններ են, եւ դեռ շտկելու ուղիներ կմշակվեն», - համոզված է Բագրատ Եսայանը:

Իսկ գնահատման եւ թեստավորման կենտրոնի առջեւ կանգնած է ավելի մեծ խնդիր՝ մինչեւ ամառ ավարտել անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքները:

«Սա ամենացավալի վիճակն է՝ այսօր եւ շենքային պայմանները, եւ տեխնիկական պայմաններն այնպիսին չեն, որ կարողանանք կարճ ժամկետում նույնիսկ փորձարկման աշխատանքներն ամփոփել: Թեեւ սա մեր մեղքը չէ. կա պատվիրատու, որը պատասխանատու է դրա համար», - նշեց կենտրոնի տնօրեն Վանյա Բարսեղյանը:


Իրինա Հովհաննիսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG