Մատչելիության հղումներ

logo-print

Վիկտոր Դալլաքյան. «Երբեւէ փորձ չեմ կատարել եւ չեմ կատարի որեւէ քաղաքական կառույցի անդամակցելու»


Անցած օգոստոսին «Արդարություն» խմբակցությունից դուրս եկած պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը, պնդում է, որ չի պատրաստվում անդամագրվել որեւէ կուսակցության:

«Թե որ կուսակցությունները ցանկություն կունենան համագործակցելու ինձ հետ, դուք կարող եք այդ հարցերը նրանց ուղղել», - ի պատասխան «Ազատություն» ռադիոկայանի հարցին, ասաց պատգամավորը: - «Ես կարծում եմ, որ քաղաքական գործիչը նա է, ով իր ասելիքը ասում է այն ժամանակ, երբ ինքը դա հարմար է գտնում»:

Իսկ հարցին, թե արդյո՞ք իրականությանը համապատասխանում են լուրերը, թե ինքը Գագիկ Ծառուկյանի «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանն անդամակցելու անհաջող փորձեր է անում, Վիկտոր Դալլաքյանը արձագանքեց. - «Երբեւէ որեւէ փորձ չեմ կատարել եւ չեմ կատարի որեւէ քաղաքական կառույցի անդամակցելու, քանի որ ես, որպես անկուսակցական, երեք անգամ անընդմեջ ընտրվել եմ (ԱԺ պատգամավոր) Վանաձորի թիվ 36 ընտրատարածքից, որեւէ կուսակցական ցուցակի պարտական չեմ Ազգային ժողովի պատգամավոր ընտրվելու համար»:

Առաջիկա ընտրություններին իր թեկնածության առաջադրմանը վերաբերող հարցին Դալլաքյանը պատասխանեց, թե հավանաբար կառաջադրվի մեծամասնական կարգով: Պատգամավորը չբացառեց, որ կարող է առաջադրվել նաեւ համամասնական կարգով` առանց կոնկրետացնելու, թե որ քաղաքական ուժի ցուցակով:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG