Մատչելիության հղումներ

Ադրբեջանի ղեկավարը չի՞ տոնում երկրի անկախության օրը


Այսօր Ադրբեջանում ոչ աշխատանքային օր է՝ երկիրը նշում է իր անկախության 15-ամյակը: Սակայն, ինչպես երեկ փոխանցել է ադրբեջանական «Զերկալո» թերթը, նախագահ Իլհամ Ալիեւի աշխատակազմի հասարակական-քաղաքական բաժնի ղեկավար Ալի Հասանովն ասել է, որ պաշտոնական արարողություններ նախատեսված չեն, դրանք տեղի կունենան մայիսի 28-ին՝ Հանրապետության օրը:

1918 թվականի մայիսի 28-ին անկախություն էր հռչակել ոչ միայն Հայաստանի, այլեւ Ադրբեջանի առաջին հանրապետությունը: Իսկ 1991 թվականի հոկտեմբերի 18-ին խորհրդային Ադրբեջանն էր անկախություն հռչակել: Հրամանագիրը ստորագրել էր նախկին նախագահ Այազ Մութալիբովը:

Ադրբեջանցի մեկնաբաններից մեկը վրդովմունքով գրել է, թե «անկախության օրը յուրաքանչյուր երկրի, յուրաքանչյուր քիչ թե շատ քաղաքակիրթ ազգի համար տոն է: Որոշ ազգեր առայսօր կենաց ու մահու պայքար են մղում անկախ պետություն ստեղծելու համար, այդ պայքարի առաջամարտիկներին համարում են հերոսներ, մինչդեռ Ադրբեջանում, կարծես, ամեն ինչ արվում է՝ Աբուլֆազ Էլչիբեյի, Էթիբար Մամեդովի, Իսա Գամբարի եւ այլոց անունները մոռացության մատնելու համար»:

Վերջին տարիների ընթացքում Միլի մեջլիսի պատգամավորներից շատերը նույնիսկ առաջարկել են ընդհանրապես չեղյալ հայտարարել հոկտեմբերի 18-ի տոնը:

Այս օրվա հանդեպ պաշտոնական Բաքվի վերաբերմունքի պատճառը, ըստ մեկնաբանների, այն է, որ հետխորհրդային Ադրբեջանի առաջին իշխանավորների եւ Հեյդար Ալիեւի միջեւ միշտ եղել է սուր պայքար, որը չի ավարտվել նաեւ Իլհամ Ալիեւի օրոք:

Այսօր՝ Ադրբեջանի անկախության օրը նախագահ Իլհամ Ալիեւը բացակայում է հանրապետությունից:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG