Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Առավոտ» օրաթերթի հարցին, թե ինչո՞ւ է ընդդիմությունն այսքան պասիվ, իսկ իշխանական ուժերը բավական ակտիվացել են, խորհրդարանի «Արդարություն» խմբակցության ղեկավար, Հայաստանի ժողովրդական կուսակցության նախագահ Ստեփան Դեմիրճյանը պատասխանել է. - «Եթե ակտիվություն ասելով դուք նկատի ունեք գյուղից գյուղ ընկած կարտոֆիլ եւ պարարտանյութ բաժանելը, ապա դա մեր ոճը չէ, եւ ընդդիմությունը չի էլ կարող իրեն նման բաներ թույլ տալ»:

Շարունակելով գյուղատնտեսական թեման՝ «Հայկական Ժամանակ»-ը գրում է. - «Ի պատասխան «Բարգավաճ Հայաստան» կուսակցության բաժանած ցորենի ու կարտոշկայի սերմացուի, կառավարությունը՝ ՀՀԿ նախագահի գլխավորությամբ, պատրաստվում է հանդես գալ պատասխան կարտոշկայով»:

«Ում հետ լինել՝ Վրաստանի՞, թե՞ Ռուսաստանի» հայաստանյան երկընտրանքին անդրադառնալով` Ռուսաստանի պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը «Հայկական ժամանակ»-ին տված հարցազրույցում, մասնավորապես, փաստել է. - «Իհարկե, լավագույն տարբերակը կլիներ երբեք ընտրության առաջ չկանգնել ու բոլորի հետ ապրել խաղաղ, ինչպես Լեոպոլդ կատուն։ Սակայն լինում են այնպիսի իրադրություններ, որ այլեւս հնարավոր չէ առաջնորդվել հայտնի կատվի մեթոդներով՝ բոլորի հետ ապրել խաղաղ, եւ գալիս է ընտրելու պահը»։ «Ըստ իս, Հայաստանի համար հասունացել է այդ ընտրությունը կատարելու ճակատագրական պահը», - ուղղորդել է ռուս դումայականն ու հավելել. - «Ես Հայաստանին ոչ մի բան չեմ պարտադրում, բայց եթե դուք դա չեք անում, ուրեմն նաեւ բարոյական իրավունք չունեք Ռուսաստանին մեղադրելու, որ Վրաստանի հետ կոնֆլիկտում մենք հաշվի չենք առնում Հայաստանի շահերը»։

«Առավոտ»-ի խմբագրականը, այսօր ուրվագծելով հայաստանյան վերնախավի քաղաքական դիմապատկերը, փոխանցել է. - «Մեր ներկայիս իշխող էլիտան իր բոլոր «գործիքներով», ընդհանուր առմամբ, միասնական է։ Կարող է, բնականաբար, որոշակի ստեղծագործական բանավեճ ծագել, ենթադրենք, սափրագլուխների միջեւ. ինչպես ծեծել ընդդիմադիր գործիչներին եւ լրագրողներին՝ «ֆուլկոնտակտ կարատեո՞վ», թե՞, ասենք, «թեքվանդոյով», - գրել է «Առավոտ»-ն ու նկատել. - «Դրա լուծումն էլ կա, քանի որ երկու անգամ դատապարտված Բանգլադեշի Համոն այժմ «օբյեկտի» տեր է եւ, ի տարբերություն ներքին գործերի նախկին նախարարի, ման է գալիս թիկնապահով, ուրեմն նա էլ է մեր էլիտայի լիիրավ անդամը։ Եվ հետեւաբար, եկել է ժամանակը նրան Աժ պատգամավոր դարձնել»:

«Հայք» թերթի խմբագրականը, այսօր փոխանցելով, թե «նորաստեղծ բարգավաճող կուսակցությունը ջանասիրաբար կարտոֆիլի սերմացու է բաժանում գյուղացիներին», գնահատել է. - «Այս հայրենանվեր արարքն ամենայն բարեխղճությամբ եւ հիացմունքով լուսաբանվում է թերթերում, իսկ հաջորդ օրն էլ՝ հղում կատարելով տպագիր մամուլին, կարտոֆիլաբաշխման գործընթացը փառաբանում են հայրենի հեռուստաալիքները՝ դա ներկայացնելով իբրեւ հանրապետությունում կատարված ամենացնցող ազգանպաստ իրադարձություն: Հայաստանի միջազգային վարկանիշը, անշուշտ, կբարձրանա, եթե հանրապետականներն էլ մեծ հանդիսավորությամբ սկսեն գազար բաժանել։ Բայց քանի դեռ, ՀՀԿ-ն չի ակտիվացել, գյուղացիների մի մասը կարտոֆիլի սերմացու ստանալուց հետո առայժմ երազում է միայն թթու վարունգի եւ օղու մասին»։

«Հայոց Աշխարհ»-ն այսօր փոխանցել է Կենտրոնական բանկի կանխատեսումները, թե «առաջիկայում Հայաստանում սպասվում է հացամթերքների գների բարձրացում»։ Թանկացումն, ըստ երկրի գլխավոր բանկի, «պայմանավորված կլինի ոչ թե ներքին, այլ արտաքին գործոններով»։ «Մասնավորապես, բերքատվության անկման հետ կապված, սպասվում է Ռուսաստանից եւ Ուկրաինայից արտահանվող հացահատիկի ծավալների որոշակի կրճատում, ինչը բացասական ազդեցություն կունենա միջազգային շուկայի գների վրա։ Հացահատիկի գների աճը կպահպանվի նաեւ 2007 թվականի առաջին երեք եռամսյակներին, ինչը բնականաբար կնպաստի տնտեսության ներքին գների աճին», - փոխանցել է թերթը։


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG