Մատչելիության հղումներ

Ռուսաստանում բացահայտվել է վրացական բանկային մաֆիա


Ռուսաստանի ներքին գործերի նախարարությունը եւ ֆինանսական հետախուզությունը հայտնել են, թե կասեցվել է հանցավոր մեծ խմբավորման գործունեությունը, որը 2004 թվականի ապրիլից մինչեւ 2005 թվականի հունվար ապօրինի ճանապարհով կանխիկացրել է ավելի քան 200 միլիարդ ռուբլի, 391 միլիոն դոլար եւ 66 միլիոն եվրո:

Ինչպես հաղորդել է Ռուսաստանի ներքին գործերի նախարարության տնտեսական անվտանգության դեպարտամենտի մամուլի ծառայությունը, խմբավորման մեջ, որը տեւական ժամանակ զբաղվել է դրամական միջոցների ապօրինի կանխիկացմամբ եւ լվացմամբ, ընդգրկված են եղել «Վեկ բանկ», «Նոր տնտեսական դիրքորոշում» առեւտրային բանկերի մի շարք ղեկավարներ եւ աշխատակիցներ, ինչպես նաեւ ավելի քան մեկ տասնյակ այլ վարկային կազմակերպությունների ղեկավարներ:

Նույն միջոցառման շրջանակներում բացահայտվել են նաեւ այլ կազմակերպված խմբավորումներ, որոնք ապօրինի ֆինանսական գործողություններ են իրականացրել վարկային կազմակերպությունների ռեկվիզիտների օգտագործմամբ: Դրանցից մեկը, ըստ հաղորդագրության, գլխավորում է «Ջուբա» մականունով քրեական հեղինակությունը Թբիլիսիից:

«Ջուբայի» գլխավորած խմբավորումը, ինչպես հաղորդում է ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալությունը, զբաղվել է ապօրինի բանկային գործողություններով՝ կապված արժութային միջոցների լվացման, կանխիկացման եւ արտերկիր, այդ թվում` Վրաստան, Լատվիա, ԱՄՆ, արտահանման հետ:

Տնտեսական անվտանգության դեպարտամենտի հաղորդագրության համաձայն, մինչեւ վերջերս հանցավոր խմբավորումը վերահսկել է Մոսկվայում գտնվող ավելի քան 8 վարկային կազմակերպություն, «էթնիկ եւ ֆինանսական կայուն հարաբերություններ է ունեցել վրացական սփյուռքի քրեական ներկայացուցիչների հետ»:

«Տվյալ ուղին ակտիվորեն օգտագործվում է Վրաստան եւ այլ երկրներ դրամական միջոցներ ուղղելու համար: Դրամական միջոցները, հիմնականում, ստացվում են ապօրինի բանկային գործողություններից, խաղատներից, ավազակային հարձակումներից եւ բյուջետային միջոցների հափշտակումից», - ասված է հաղորդագրությունում:

Դեպարտամենտի տվյալներով, դրամական հոսքերը հանցավոր խմբավորումը օրինականացրել է, մասնավորապես, «Պրինտ բանկ», «Վեկ բանկ», «Ինվեստկոմբանկ» եւ «Ցենտուրիոն» դրամատների միջոցով, որոնք բոլորը զրկվել են արտոնագրերից:

Խմբավորման շահերը ակտիվորեն պաշտպանում են Ռուսաստանի ֆինանսների նախարարության եւ Կենտրոնական բանկի առանձին պաշտոնյաներ:

«Միայն ապօրինի բանկային գործողություններից ստացված եկամուտը գերազանցել է օրական 500 հազար դոլարը», - ասված է հաղորդագրությունում:

«Ջուբան» Ռուսաստանում ապրել է կեղծ անձնագրով: Ըստ Ռուսաստանի ՆԳՆ-ի տվյալների, հոկտեմբերի 8-ին նա մեկնել է Նիցցա:

«Այդ քրեական հեղինակությունը սերտ փոխհարաբերություններ ունի նախկինում Աբխազիայում կռված վրացիների, ինչպես նաեւ ռուսաստանյան քրեական խմբավորումների հետ: Հայտնի է մոսկովյան խաղատներից մեկում նրա արտահայտությունը, թե իր փողերը գնում են «փոքրիկ հաղթական պատերազմի վրա», - հաղորդում է Տնտեսական անվտանգության դեպարտամենտը:

Վերջին օրերի ընթացքում Ռուսաստանից արտաքսվել են 500-ից ավելի Վրաստանի քաղաքացիներ, որոնք մեղադրվում են ներգաղթի կանոնները խախտելու մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG