Մատչելիության հղումներ

Հակոբ Հակոբյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել


Ազգային ժողովի պատգամավոր Հակոբ Հակոբյանի նկատմամբ երեկ մեղադրանք է առաջադրվել խորհրդարանում գլխավոր դատախազի հրապարակած միջնորդագրում նշված բոլոր դրվագներով:

Ըստ առաջադրված մեղադրանքի, Հակոբյանը հոկտեմբերի 8-ին Արարատի մարզի Հովտաշատ գյուղում կազմակերպել եւ կազմակերպված խմբի կազմում զենքի գործադրմամբ խուլիգանական արարք է կատարել, ինչպես նաեւ խուսափել է հարկեր վճարելուց եւ չարաշահել է լիազորությունները: Վերջին արարքները, ըստ գլխավոր դատախազի միջնորդագրի, պատգամավորը կատարել է 1991-2005 թվականների ընթացքում:

Երեկ Հակոբ Հակոբյանի շահերի պաշտպանությունը ստանձնել է փաստաբան Ռուբեն Սարգսյանը:

Հովտաշատի միջադեպից հետո Հակոբ Հակոբյանի հետ ձերբակալվել էին պատգամավորի թիկնազորի ղեկավարը, ինչպես նաեւ գազալիցքավորման կայանի երկու աշխատակից: Ձերբակալության 72 ժամը լրանալուն պես երեքն էլ ազատ են արձակվել, եւ, ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին գլխավոր դատախազությունից, նրանց նկատմամբ մեղադրանք առայժմ չի առաջադրվել:

Նախաքննության մարմինը շարունակում է քննությունը: Այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում:

Միեւնույն ժամանակ, չի բացառվում, որ հարուցված քրեական գործերով այլ մեղադրյալներ էլ ներգրավվեն:

Ինքը Հակոբ Հակոբյանն առայժմ խուսափում է որեւէ տեսակետ կամ մեկնաբանություն հայտնել լրատվամիջոցներին:

Նրա շահերի պաշտպան Ռուբեն Սարգսյանը, բացի նրանից, որ երեկվանից ստանձնել է պաշտպանությունը, այլ տեղեկություն տրամադրել այսօր հրաժարվեց՝ պարզաբանելով, որ առանց պաշտպանյալի հետ խորհրդակցելու չի կարող դա անել:

Հակոբ Հակոբյանին որպես մեղադրյալ ներգրավելու՝ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի միջնորդությունը Ազգային ժողովը բավարարել է անցած շաբաթավերջին:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG