Մատչելիության հղումներ

Տիգրան Սարգսյան. «Պետությունը ի վիճակի չէ կանխատեսումներ անելու, թե ինչպիսին է լինելու դոլարի շուկայական փոխարժեքը»


Հայաստանի կառավարությունը, հնարավոր է, հանդես գա օրենսդրական նախաձեռնությամբ, որով կառաջարկի պետբյուջեում դոլարի հաշվարկային փոխարժեքն ամրագրել, ասենք, բյուջեն Ազգային Ժողովում ներկայացնելու ամսվա ընթացքում ձեւավորված փոխարժեքին համապատասխան, եւ որ այդ թիվը հրապարակման ենթակա չլինի: Այս մասին այսօր, 2007 թվականի պետբյուջեի նախագծի վերաբերյալ խորհրդարանական լսումներից հետո, «Ազատություն» ռադիոկայանին ասաց Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանը:

«Մեր կարծիքով, նպատակահարմար է, որ ընդհանրապես այս ցուցանիշը չհրապարակվի, որովհետեւ միշտ թյուրիմացություն է առաջանում հասարակության մոտ, որ դա շուկայական փոխարժեքն է, որը լինելու է մյուս տարի: Այդպիսի բան չկա, պետությունը ի վիճակի չէ կանխատեսումներ անելու, թե ինչպիսին է լինելու շուկայական փոխարժեքը»:

Տնտեսագետ Էդուարդ Աղաջանովն այս հարցում այլ կարծիքի է. - «Գրպանում պահե՞ն, ոչ մեկի չասե՞ն... Դա արդեն անհեթեթեություն է»:

Տիգրան Սարգսյանը ժխտեց, թե այդ ցուցանիշը չհրապարակելը կոռուպցիոն ռիսկեր կպարունակի. - «Հակառակը, երբ հասարակությանը սխալ ազդակներ եք տալիս, իսկ որոշ մարդիկ ավելի ճշգրիտ հաշվարկներ են անում, այ դա է կոռուպցիոն ռիսկ: Բոլորը պետք է հավասար պայմաններում լինեն ու առաջնորդվեն իրենց սեփական կանխատեսումներով»:

Պետբյուջե 2007-֊ի նախագծում դոլարի հաշվարկային փոխարժեքը սահմանված է 357 դրամ:

Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը վերջերս «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել էր, որ այդ թիվը նախագծի քննարկումների ընթացքում կփոփոխվի՝ չորոշակիացիելով, դեպի վա՞ր, թե՞ դեպի վեր:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG