Մատչելիության հղումներ

Թուրք գիտնականը վերադարձրել է Ֆրանսիայի պետական պարգեւը


Թուրք ակադեմիկոս Էրդողան Թեզիչը, ի նշան բողոքի ընդդեմ ֆրանսիական խորհրդարանի ստորին պալատի կողմից Հայոց ցեղասպանության ուրացման համար քրեական պատիժ սահմանող օրինագծի ընդունման, վերադարձրել է Ֆրանսիայից ստացած Պատվո լեգեոնի շքանշանը:

Ինչպես հաղորդում է «Ֆրանսպրես» գործակալությունը, Թուրքիայի բարձրագույն կրթության խորհրդի նախագահ, պրոֆեսոր Թեզիչը Պատվո լեգեոնի շքանշանով պարգեւատրվել էր 2004 թվականի սեպտեմբերին՝ դառնալով շքանշանին արժանացած առաջին եւ առայժմ միակ թուրքը:

Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակին ուղղված նամակում Թեզիչը գրել է, թե չնայած ֆրանսիական կառավարությունը պնդում է, որ կապ չունի վիճահարույց օրինագծի հետ, Շիրակն ինքն է անցած ամիս Հայաստան կատարած այցի ընթացքում Թուրքիային կոչ արել ճանաչել ցեղասպանությունը:

«Հետեւաբար, ես այլեւս չեմ կարող պահել Պատվո լեգեոնի շքանշանը», - գրել է թուրք գիտնականը:

Անցած շաբաթ Ֆրանսիայի Ազգային ժողովի ընդունած օրինագծով մեկ տարվա ազատազրկում եւ 45 հազար եվրո տուգանք է սահմանվում նրանց համար, ովքեր կհերքեն, որ 1915-17 թվականներին Օսմանյան կայսրությունում հայերի դեմ ցեղասպանություն է իրականացվել:

Մինչեւ երկրի նախագահի կողմից հաստատվելը օրինագիծը դեռ պետք է ստանա Սենատի հավանությունը, իսկ վերջինիս կողմից փոփոխության ենթարկվելու դեպքում կրկին պետք է քվեարկվի Ազգային ժողովում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG