Մատչելիության հղումներ

ԱՊՀ-ի ոչ բոլոր արտգործնախարարները կմասնակցեն Մինսկի հանդիպմանը


Այսօր Մինսկում աշխատանքներն է սկսում ԱՊՀ-ի անդամ պետությունների արտգործնախարարների խորհրդի նիստը: Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը չի մասնակցելու նիստին: Հավանական է, որ ներկա չլինի նաեւ Վրաստանի արտգործնախարար Գելա Բեժուաշվիլին:

Ինչպես դեռեւս ուրբաթ օրը հայտարարել է Բելառուսի արտգործնախարարության խոսնակ Անդրեյ Պոպովը, սպասվում է, որ արտգործնախարարները քննության կառնեն մոտ երկու տասնյակ կարեւոր հարցեր, որոնք ուղղված են հետխորհրդային այս կառույցի հետագա զարգացմանն ու ամրապնդմանը: «Մասնավորապես, քննարկվելու են ապօրինի ներգաղթի, հանցագործ միջոցներով վաստակած գումարների օրինականացման ու ահաբեկչության դեմ պայքարի հարցեր: Ծրագրվում է որոշում կայացնել Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի օրվա տոնակատարությունը մշտական դարձնելու մասին»,- հայտնել է Պոպովը:

Այս պահին ԱՊՀ-ի ներսում տարբեր տարաձայնություններ կան:

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն սպառնացել է հրաժարվել Ռուսաստանի հետ միությունից ու դեմքը շրջել դեպի Արեւմուտք` եթե «Գազպրոմ»-ը չպահպանի գազի ցածր գինը Բելառուսի համար: Նախորդ շաբաթ պարզ է դարձել, որ «Դրուժբա» խողովակաշարով դեպի Բելառուս նավթի առաքումը կնվազի 30 տոկոսով:

Շարունակվում են պատժամիջոցները Մոլդովայի նկատմամբ՝ չնայած Մերձդնեստրի ապաշրջափակմանը: Ռուսաստանի գլխավոր համաճարակաբան Գենադի Օնիշչենկոն սպառնացել է փակել ռուսական շուկաները մոլդովական հյութերի համար:

Ռուսաստանը Վրաստանից պահանջում է զորքերը դուրս բերել Կոդորի կիրճից: Վրաստանի ու Ռուսաստանի առճակատումը համարվում է նաեւ ԱՊՀ-ի հոբելյանական 15-րդ գագաթնաժողովի հետաձգման պատճառ: Հոկտեմբերի 3-ին Ռուսաստանի ու Ղազախստանի նախագահները՝ առանց համաձայնեցնելու անդամ մյուս պետությունների հետ ու առանց ներկայացնելու որեւէ պատճառ, հայտարարեցին գագաթնաժողովը մինչեւ նոյեմբերի 28-ը հետաձգելու մասին: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն մի քանի օր անց հայտարարեց, թե որոշ պետություններ, որոնք իրենց առաջնակարգ են համարում, փորձում են հետաձգել գագաթնաժողովը:

ԱՊՀ-ի գագաթնաժողովը նախապես ծրագրված էր հոկտեմբերի 17-ին:


Աննա Կարապետյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG