Մատչելիության հղումներ

Երիտասարդները երախտագիտություն են hայտնում Ֆրանսիայի խորհրդարանին


Երեւանի պետական համալսարանի 100-ից ավելի ուսանողներ, Հնչակյան կուսակցության եւ Դաշնակցության երիտասարդական թեւերի ներկայացուցիչներն այսօր երախտագիտություն են հայտնել Ֆրանսիայի խորհրդարանին՝ Հայոց ցեղասպանությունը հերքելու համար պատիժ սահմանող օրենք ընդունելու համար:

Այսօր երթերով շարժվելով դեպի Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատուն` երիտասարդներն իրենց շնորհակալական նամակներն են փոխանցել Ֆրանսիայի խորհրդարանին:

«Այս քայլով Ֆրանսիայի խորհրդարանականները փաստեցին իրենց հավատարմությունը ժողովրդավարության սկզբունքներին եւ համամարդկային հումանիտար արժեքներին: Թեեւ Ֆրանսիայի խորհրդարանի վրա թուրքական ճնշումը եղել է չափազանց ուժեղ, օրինագիծը հաստատվել է: Դա նշանակում է, որ օրենսդիրները ցուցաբերել են քաղաքական քաջություն եւ զրոյական հանդուրժողականություն պատմական անարդարության նկատմամբ», - հայտարարում էին երիտասարդները` հույս հայտնելով, որ Ֆրանսիան այս քայլով օրինակ կծառայի այլ երկրների համար:

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Կյունին անձամբ հանդիպել է երթերի մասնակիցներին:

«Այսօր չէ, որ ճշմարտությունն ընդունվել է: Ֆրանսիան հայոց ցեղասպանության իրողությունը բավական երկար ժամանակ է, ինչ ճանաչել է: Ես կարծում եմ, որ այսօր արդեն ժամանակն է, որ դուք մտածեք հարեւան Թուրքիայի հետ ձեր հարաբերությունների մասին: Կարծում եմ, որ լավ հարեւանի հետ լավ հարաբերությունները շատ կարեւոր են ցանկացած երկրի համար», - նշեց Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը:

Անրի Կյունին Հայաստանի եւ Թուրքիայի ապագա հարաբերություններում եւ Եվրամիությանն անդամակցության հեռանկարում կարեւորեց սահմանների բացման անհրաժեշտությունը:

«Եվրամիությունը արժեքներ որդեգրած երկրների ակումբ է, եւ այն պահից, երբ հայտ ես ներկայացնում այդ ակումբին անդամագրվելու, պետք է որդեգրես այդ արժեքները: Կարծում եմ, որ նախագահ Ժակ Շիրակը վերջին այցի ժամանակ իր ելույթում, ընդգծելով այս նախապայմանը, ուրվագծեց Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների հետագա ուղու սեփական տարբերակը: Հուսով եմ, որ հարաբերությունների բարելավման օրը կգա, որովհետեւ նաեւ Հայաստանի տնտեսական զարգացումը սահմանների բացման կարիքն ունի»,- նշեց Անրի Կյունին:


Իրինա Հովհաննիսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG