Մատչելիության հղումներ

Միջազգային մամուլը՝ Ֆրանսիայի Ազգային ժողովի ընդունած օրինագծի մասին


Հայոց ցեղասպանության ուրացման համար քրեական պատիժ նախատեսող օրինագծի՝ Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից ընդունվելու փաստին լայնորեն արձագանքել է միջազգային մամուլը:

«Նյու Յորք Թայմս»-ը գրում է, որ Շիրակի կառավարությունը, որը դեմ է օրինագծին, Թուրքիայի հետ երկխոսության ցանկություն է հայտնել՝ նշելով, որ օրինագիծն «անտեղի է ու ոչ անհրաժեշտ»: «Մենք շատ ցանկանում ենք երկխոսություն վարել Թուրքիայի հետ, ինչպես նաեւ ուժեղացնել այդ երկրի հետ մեզ կապող բարեկամական հարաբերություններն ու համագործակցությունը», - Ֆրանսիայի արտգործնախարարության խոսնակի հայտարարությունն է փոխանցում թերթը:

«Վաշինգտոն Փոստ»-ը գրում է, որ «Թուրքիայի ու Եվրոպայի բարդ հարաբերությունները երկու մայրաքաղաքներում ներկայացան»: «Թուրքիայի լավագույն գրողը Ստոկհոլմում պարգեւատրվեց գրականության բնագավառում Նոբելյան մրցանակով, իսկ ֆրանսիացի պատգամավորներն օրինագիծ ընդունեցին, որով հանցագործություն է դառնում Օսմանյան կայսրությունում Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին հայերի դեմ իրականացված ցեղասպանության ժխտումը», - գրում է «Վաշինգտոն Փոստ»-ը:

«Գազետա» թերթը «Ցեղասպանությունների փոխանակում» խորագրով նյութում գրում է, որ մի խումբ թուրք խորհրդարանականներ պատասխան օրինագիծ ընդունելու առաջարկ են արել՝ այսպես կոչված «ալժիրյան ցեղասպանության» մասին, ըստ որի, 1954-1962 թվականներին ֆրանսիական զորամիավորումների կողմից Ալժիրի խաղաղ բնակչության ոչնչացումն իբրեւ ցեղասպանություն չորակելը պետք է պատժվի 50 հազար եվրո տուգանքով ու 5 տարվա ազատազրկմամբ:

«Կոմերսանտ»-ը գրում է, որ «Ֆրանսիան հայերին հավասարեցրեց հրեաների հետ»: «Եթե Հայոց ցեղասպանությունը մերժելու համար պատիժ սահմանելու օրինագիծը վերջնականապես ընդունվի, Ֆրանսիայի դեմ կարող է դատական գործ հարուցել Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, որն իրավասու է հարկադրել Փարիզին՝ չեղյալ հայտարարել հակասական օրենքը: Բացի այդ, եթե Եվրախորհրդի նախարարների հանձնաժողովը նույնպես Ֆրանսիայի գործողությունները որակի անօրինական, կարող է Ֆրանսիային սպառնալ Եվրախորհրդից հեռացնելով», - Ֆրանսիային հիշեցում է հղում «Կոմերսանտ»-ը:

«Թերքիշ Դեյլի Նյուզ». «Ֆրանսիայի Ազգային ժողովը՝ արհամարհելով Թուրքիայի, Եվրոպական միության եւ Ֆրանսիայի կառավարության հորդորները՝ ընդունել է վիճահարույց օրինագիծը, այսպես կոչված, հայոց ցեղասպանության հերքումը քրեորեն դատապարտելի դարձնելու մասին: Սա ճգնաժամ է ստեղծում թուրքեւֆրանսիական հարաբերություններում: Օրենքի ուժ ստանալու համար օրինագիծը պետք է ընդունվի Սենատում եւ վավերացվի նախագահի կողմից: Սա երկրարատեւ գործընթաց է՝ եթե Սենատում որեւէ լրամշակում արվի, օրինագիծը կվերադարձվի Ազգային ժողով, որն այս կազմով աշխատելու է մինչեւ 2007 թվականի փետրվարը, ինչից հետո տեղի կունենան նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ»:

«Զերկալո». «Պաշտոնական Բաքուն արագ է արձագանքել, հայտարարելով, որ օրինագիծն անհեթեթ է եւ հակատրամաբանական: Այդ մասին ասել է արտաքին գործերի փոխնախարար Խալաֆ Խալաֆովը: Միաժամանակ փոխնախարարն ասել է, թե վաղաժամ է խոսել, ի պատասխան Ֆրանսիայի Ազգային ժողովի որոշման, ալժիրցիների ցեղասպանությունը Ադրբեջանում ճանաչելու մասին: Բաքվում Ֆրանսիայի դեսպանատան մոտ տեղի է ունեցել բողոքի ցույց: Միլի Մեջլիսի մի խումբ պատգամավորներ պահանջել են Ֆրանսիայի ներկայացուցչին հեռացնել Մինսկի խմբի համանախագահությունից: «Այդ հարցի լուծումը վերապահված է նախագահ Իլհամ Ալիեւին», - ասել է ԱԳՆ խոսնակ Թահիր Թաղիզադեն եւ հավելել, որ «հայերն անդադար որոնում են թշնամիներ եւ դրա հետ մեկտեղ խոսում տարածաշրջանում կայունության եւ վստահության մթնոլորտ ստեղծելու ցանկության մասին, համանախագահները պետք է հասկանան, որ հայերի խոսքերն ու գործերը չեն համընկնում»:

«Լոս Անջելես Թայմս». «Ֆրանսիայի վարչապետ Դոմինիկ դե Վիլպենը նշել է, թե «ելնելով մեր փորձից, մենք կարող ենք ասել, որ այս հարցերում ճիշտ չէ օրենքներ ընդունել»:

«Այրիշ Թայմս». «Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Նիկոլա Սարկոզին անցած ամռանը Եվրոպայի հայերին հասցեագրած նամակում գրել է, որ «խորհրդարանի գործն է հաստատել բարոյական նորմերը, անցկացնել սահմանը թույլատրելիի եւ անթույլատրելիի միջեւ, որոշել, որ ցեղասպանության հերքումը օրինազանցություն է: Խոսքի ազատությունը պատմությունը կամայականորեն ներկայացնելու, պատմական փաստերը ժխտելու ազատություն չէ»:

«Գարդիան». «Այս անգրագետ քայլը միայն բորբոքելու է պառակտման հրդեհը, նրանց համար, ովքեր մանկության տարիներին ապրել են գյուղում առանց հեռուստացույցի, միակ զվարճանք էր՝ նայել, թե ինչպես են երկու եզ իրար պոզահարում: Այդպես են անում հիմա «ֆրանսիական էշն եւ թուրքական ավանակը», որոնք վիճում են ֆրանսիական գաղութատիրության հանցագործությունների, մահմեդական կանանց գլխաշորի, Մուհամեդ մարգարեի ծաղրանկարների եւ հայոց ցեղասպանության շուրջ: Ֆրանսիացիներից շատերի համար սա իրականում ոչ թե պատմական արդարության խնդիր է, այլ միջոց գծելու Արեւելքի եւ Արեւմուտքի, Իսլամի եւ ազատական արժեքների սահմանը, ցույց տալու, թե որտեղ է սկսվում եւ ավարտվում Եվրոպան: Հիմա Թուրքիան եւ Ֆրանսիան կարող են դիտվել որպես «քաղաքակրթությունների բախման» խորհրդանիշ, մինչդեռ, իրականում երկուսն էլ աշխարհիկ պետություններ են, որոնց ինքնաոչնչացումից փրկել են երկու հզոր անհատներ՝ Նապոլեոնն ու Աթաթուրքը: Երկուսն էլ արգելել են կանանց գլխաշորը, երկուսն էլ կայսրություններ են կորցրել եւ երկուսն էլ առ այսօր ունեն անվստահություն աշխարհի հանդեպ, համոզված են, որ մնացյալ աշխարհն իրենց դեմ դավեր է նյութում»:

«Ֆայնենշլ Թայմս». «Ֆրանսիայի Ազգային ժողովի ընդունած օրինագիծը վնաս է հասցնում Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության գործընթացին եւ սպառնում է խոսքի ազատությանը բուն Եվրոպական միությունում»:

«Նեզավիսիմայա գազետա». «Մելանխոլիա թուրքական եղանակով: Ստոկհոլմում այս տարվա Նոբելյան մրցանակը շնորհել են 0րհան Փամուկին: Նրան իր հայրենի Թուրքիայում ոմանք ատում են, ոմանք էլ նրանով հպարտանում են: Այդ գրողը մի առիթով ասել է, որ «հայոց ցեղասպանությունը եւ քրդերի հալածանքները ամենամեծ գաղտնիքն են, որ թաքցրել են թուրք ազգից»: Այդ արտահայտության համար Փամուկին Թուրքիայում փորձել են դատական պատասխանատվության ենթարկել, սակայն Եվրոպայի ճնշումների շնորհիվ գործը կարճվել է»:


Աննա Կարապետյան, Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG