Մատչելիության հղումներ

Մոնիտորինգի խմբի ղեկավարը դրական է գնահատում կատարված աշխատանքը


Արտգործնախարարության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետի պաշտոնակատար Վլադիմիր Կարապետյանը ուրբաթ օրը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ ՄԱԿ-ի եւ ԵԱՀԿ-ի մոնիտորինգային խմբի ղեկավար Բերնարդ Սնոուն ընդհանուր առմամբ դրական է գնահատել Լեռնային Ղարաբաղի` հրդեհներից տուժած սահմանամերձ շրջաններում կատարված փորձագիտական աշխատանքները:

Առաքելության մեջ ներգրավված ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի, ինչպես նաեւ Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի փորձագետները երեկ Ստեփանակերտում ամփոփել են կատարված ուսումնասիրությունների նախնական արդյունքները:

Բերնարդ Սնոուին երեկ Երեւանում ընդունել էր Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը:

ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 60-րդ նստաշրջանում ընդունված բանաձեւի համաձայն, մինչեւ 2007 թվականի ապրիլի 30-ը ԵԱՀԿ գործող նախագահը Գլխավոր ասամբլեայի անդամ երկրներին պետք է ներկայացնի փորձագետների զեկույցը:

Լեռնային Ղարաբաղի փոխարտգործնախարարի փոխանցմամբ, մինչեւ այս տարվա նոյեմբերի կեսերը փորձագետները պետք է զեկույցը ներկայացնեն ԵԱՀԿ գործող նախագահին:

Կատարված աշխատանքի արդյունքների մասին այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում: Վլադիմիր Կարապետյանը միայն փոխանցեց, որ զեկույցում հիմնականում առաջարկներ են լինելու հրդեհները կանխելու, նաեւ առաջացած հրդեհների տարածման դեմ պայքարելու վերաբերյալ:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG