Մատչելիության հղումներ

logo-print

Բենիտա Ֆերերո-Վալդներ. «Ֆրանսիայում ընդունված օրինագիծը չի ազդի Թուրքիայի անդամակցության գործընթացի վրա»


Եվրամիության արտաքին հարաբերությունների գծով հանձնակատար Բենիտա Ֆերերո-Վալդների համոզմամբ, Հայոց ցեղասպանության ուրացման համար քրեական պատիժ սահմանող օրենքի ընդունումը Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից չի ազդի Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության գործընթացի վրա:

«Մի բան է այն, ինչ տեղի է ունենում Ֆրանսիայում, մեկ այլ բան՝ թե ինչ ենք անում մենք՝ Եվրամիությունը, թեկնածու երկրի հետ», - ուրբաթ օրը հայտարարել է Բենիտա Ֆերերո-Վալդները ֆիննական YLE հեռուստատեսության հարցազրույցում:

«Ֆրանսպրես» գործակալության փոխանցմամբ, Եվրամիության հանձնակատարը ասել է նաեւ, թե «Ֆրանսիայում [Հայոց ցեղասպանության հարցը] ժամանակ առ ժամանակ արծարծվում է, քանի որ այնտեղ ուժեղ հայկական համայնք կա, որը միշտ բարձրացնում է այդ հարցը»:

Հինգշաբթի օրը Ֆրանսիայի Ազգային ժողովի ընդունած օրինագծով մեկ տարվա ազատազրկում եւ 45 հազար եվրո տուգանք է սահմանվում նրանց համար, ովքեր կժխտեն 1915-17 թվականներին Օսմանյան կայսրությունում հայերի դեմ գործադրված ցեղասպանության փաստը:

Օրինագիծը մինչեւ երկրի նախագահ Ժակ Շիրակի կողմից հաստատվելը պետք է քվեարկվի Սենատում, իսկ վերջինի կողմից փոփոխությունների ենթարկվելու դեպքում կրկին պետք է քվեարկվի Ազգային ժողովում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG