Մատչելիության հղումներ

Դատախազը Հակոբ Հակոբյանին մեղադրանք առաջադրելու միջնորդություն ներկայացրեց խորհրդարանում


Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը Ազգային ժողովի ուրբաթ օրվա արտահերթ նիստում միջնորդություն ներկայացրեց Էջմիածնից ընտրված պատգամավոր, Հանրապետական կուսակցության եւ «Ժողպատգամավոր» պատգամավորական խմբի անդամ Հակոբ Հակոբյանին մեղադրանք առաջադրելու վերաբերյալ:

Դատախազը միջնորդեց Ազգային ժողովին՝ իր համաձայնությունը տալ պատգամավոր Հակոբ Հակոբյանին ներգրավելու որպես մեղադրյալ արդեն հարուցված 8 քրեական գործերում, որոնցից վերջինն է վերաբերում կիրակի օրվա միջադեպին՝ «կազմակերպել եւ կազմակերպված խմբի կազմում կատարել է խուլիգանություն՝ զենքի գործադրմամբ»:

Ըստ Հայաստանի գլխավոր դատախազության տարածած հաղորդագրության, կիրակի օրը Հակոբ Հակոբյանն «իր թիկնազորի անդամների հետ Արարատի մարզի Հայանիստ գյուղի մոտ գտնվող «Հայռուսգազարդ» ընկերության գազաբաշխիչ կայանի տարածքում զենքի գործադրմամբ կատարել է խուլիգանություն, որը զուգորդվել է գազաբաշխիչ կայանի անվտանգությունն ապահովող եւ Հակոբյանին պատկանող գազալիցքավորման կետերի կողմից ապօրինի գազօգտագործումը կանխող անձանց նկատմամբ բռնության գործադրմամբ: Միջադեպի ընթացքում չորս անձ ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ եւ տեղափոխվել հիվանդանոց»:

Մյուս գործերը, որոնցից առաջինը հարուցվել է դեռ 2001 թվականին, վերաբերում են, հիմնականում, հարկային պարտավորությունների չկատարմանը՝ պետությանը առանձնապես խոշոր չափերի վնաս պատճառելով, եւ լիազորությունների չարաշահմանը:

Հակոբյանը միջադեպից հետո ձերբակալվել էր, իսկ 72 ժամը լրանալուց հետո՝ չորեքշաբթի երեկոյան, ազատ էր արձակվել:

Խորհրդարանի «Ազգային միաբանություն» խմբակցության քարտուղար Ալեքսան Կարապետյանի առաջարկը՝ տեսագրել եւ Հանրային հեռուստատեսությամբ հեռարձակել արտահերթ նիստը, մերժվեց:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG