Մատչելիության հղումներ

logo-print

Ամերիկայի հայ ուսանողները Լոս Անջելեսից Վաշինգտոն երթ են անցկացնում՝ «Կանգնեցրե'ք ցեղասպանությունը» կարգախոսով


ԱՄՆ-ի հայ ուսանողների 6-հոգանոց մի խումբ արդեն երեքուկես ամիս է՝ հունիսի 27-ից, ոտքով երթ է կազմակերպել Lոս Անջելեսից մինչեւ Վաշինգտոն՝ շուրջ 5 հազար կիլոմետր, ավտոբուսի ուղեկցությամբ, որի վրա գրված է՝ «Կանգնեցրեք ցեղասպանությունը»:

ԱՄՆ-ի հայ ուսանողների միությունը վաղուց էր նման երթ ծրագրում, սակայն այս անգամ երիտասարդները որոշել են ահազանգել ոչ միայն Հայոց ցեղասպանության, այլեւ ընդհանրապես մարդկության պատմությանը հայտնի բոլոր ցեղասպանությունների մասին:

«Եթե խոսենք ընդհանուր ցեղասպանությունների մասին, ավելի լսելի կլինի Հայոց ցեղասպանության մասին մեր խոսքը», - «Ազատություն» ռադիոկայանի հետ հեռախոսազրույցում ասաց երթի կազմակերպիչներից մեկը՝ ԱՄՆ-ի հայ ուսանողների միության անդամ 30-ամյա Վահե Աբովյանը:

Նա պատմեց, որ իրենք հանդիպում են շարքային ամերիկացիների, կոնգրեսականների ու սենատորների գրասենյակների ներկայացուցիչների հետ, ինչպես նաեւ միտինգներ են կազմակերպում:

Խմբի մասին արդեն խոսում են ամերիկյան լրատվամիջոցները: «Վստահ եմ, որ երբ հասնենք Վաշինգտոն, լրատվամիջոցներն ավելի կակտիվանան»,- ասաց Վահե Աբովյանը:

Երիտասարդները ծրագրում են հոկտեմբերի 30-ին լինել Վաշինգտոնում: Այստեղ խումբը ներկայացվելու է Կոնգրեսում եւ Սենատում, ձգտելու է հանդիպել նաեւ ԱՄՆ-ի նախագահի վարչակազմի հետ: «Հուսով եմ, որ մեզ դա կհաջողվի Ամերիկայի հայկական համագումարի օգնությամբ», - ասաց Վահե Աբովյանը:

Խմբում ընդգրկված են 23-30 տարեկան երիտասարդներ, որոնք թողել են ուսումն ու աշխատանքը, մեծ մասը տարկետում են վերցրել այս ծրագիրն իրագործելու համար:


Ազա Բաբայան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG