Մատչելիության հղումներ

Երեկ ուշ երեկոյան «Երեւան Կենտրոն» քրեակատարողական հիմնարկից ազատ արձակված Աժ պատգամավոր Հակոբ Հակոբյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում այսօր պնդեց, որ մեղավոր չէ խուլիգանության համար, ինչպիսի կասկածանքով իրեն ձերբակալել էին: Պատգամավորը այսօր գրեթե հինգ ժամ անցկացրեց խորհրդարանում` փորձելով համոզել գործընկերներին չզրկել իրեն պատգամավորական անձեռնմխելիությունից:

«[Եկել եմ] պատգամավորների հետ հանդիպեմ, որ ասեմ ինչ է իրականում տեղի ունեցել», - բացատրեց Հակոբյանը:

Վաղը կառավարության նախաձեռնությամբ գումարվելու է Ազգային ժողովի արտահերթ նիստ՝ «Ազգային ժողովի պատգամավոր Հակոբ Ռաֆիկի Հակոբյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին» ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի միջնորդագրին համաձայնություն տալու վերաբերյալ օրակարգով:

«Ազատություն» ռադիոկայանի տեղեկություններով, վաղը Հակոբյանը ներկա չի լինելու Ազգային ժողովի արտահերթ նիստին:

Ըստ Ազգային ժողովի կանոնակարգ-օրենքի, պատգամավորին որպես մեղադրյալ ներգրավելու համար անհրաժեշտ է նիստին գրանցված պատգամավորների կեսից ավելիի համաձայնությունը:

Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության դիրքորոշումը այսօր երեկոյան խմբակցության անդամ պատգամավորների հետ քննարկվում է վարչապետ Անդրանիկ Մարգարյանի եւ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի մասնակցությամբ: Վաղվա քվեարկության մասին որոշումը, սակայն, արդեն ընդունված է` հանրապետականները կողմ են քվեարկելու Հակոբ Հակոբյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին դատախազի ներկայացրած միջնորդությանը:

«Հանրապետականի դիրքորոշումը հետեւյալն է. պետք է տալ իրավապահ մարմիններին բոլոր հնարավորությունները, որպեսզի նրանք հետաքննությունը կարողանան իրականացնել», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց ՀՀԿ քաղխորհրդի անդամ, պատգամավոր Սամվել Նիկոյանը: - «Այն, որ կատարվել է հանցագործություն, դա միանշանակ է: Այստեղ խնդիրը հետեւյալն է` նրա [Հակոբյանի] մասնակցության աստիճանը»:

«Ազատություն» ռադիոկայանի անանուն աղբյուրը պնդում է, որ Հակոբ Հակոբյանին իբրեւ մեղադրյալ ներգրավելու համար անհրաժեշտ ձայները, ըստ ամենայնի, չեն հավաքվի, քանի որ համաձայնությունը նախագահի աշխատակազմի հետ արդեն կայացվել է: Հակոբյանից պահանջել են իրեն պատկանող եւ վարձակալության իրավունքով Արդշինինվեստբանկին տրված շենքերը: Եվ պատգամավորը համաձայնել է ազատության դիմաց տալ իր ունեցվածքը: Նշված բանկը, ըստ որոշ տեղեկությունների, պատկանում է նախագահ Քոչարյանի որդուն` Սեդրակ Քոչարյանին:


Աստղիկ Բեդեւյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG